Վարչապետը շատ լավ հասկանալով կառավարության աշխատանքի վերահաս ձախողման անխուսափելությունը՝ կանխամտածված կերպով խաղարկում է հերթական պոպուլիստական բլեֆը. Գարեգին Պետրոսյան
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Վարչապետը հայտարարում է 2.1 % գնանկման մասին, և սա ներկայացնում որպես նվաճում: Նման հայտարարությունը, բացի կրքեր որսալու հերթական փորձից, ուրիշ որևէ արժեք չունի իր մեջ: Իրականում գնանկման նման ցուցանիշ գոյություն չունի, բայց սա թողնենք մի կողմ: Խնդիրն ավելի շատ կայանում է նրանում, որ կառավարության ղեկավարը շուկայական տնտեսության պայմաններում գնանկումը դիտարկում է որպես հաջողություն: Սա մասնագիտական անգրագիտության ախտորոշում է:
Շուկայական տնտեսության զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը կառավարելի կայուն գնաճն է, որը հանգեցնում է տնտեսության իրական հատվածի զարգացմնը: Տնտեսագետներն այս խնդրի վերաբերյալ իրենց գնահատականները դեռ կտան ու, համոզված եմ, կտան շատ կոշտ, քանի որ առաջարկի օրենքն է այդպես ենթադրում, որ բարձրացող գնի պայմաններում մեծանում է նաև արտադրողի շահագրգռվածությունն արտադրելու էլ ավելի շատ: Բայց սա թողնում եմ մասնագիտական առավել կոմպետենտ դիտարկման՝ առայժ պարզապես բավարարվելով առանձնացնել երկու հանգամանք.
1. Կամ վարչապետը չգիտի ինչ բան է շուկայական տնտեսությունը և ձախողումը ներկայացնում է որպես հաջողություն
2. Կամ շատ լավ հասկանալով կառավարության աշխատանքի վերահաս ձախողման անխուսափելությունը՝ կանխամտածված կերպով խաղարկում է հերթական պոպուլիստական բլեֆը