Վարչապետի դատարանում չկա ո՛չ օրենք, ո՛չ բարոյականություն
Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Մարտի 1-ի գործով հերթական խայտառակ դատական նիստը, որի ժամանակ մեղադրող կողմը՝ հատելով բարոյականության բոլոր սահմանները, վիրավորական արտահայտություններ հնչեցրեց պաշտպանական կողմի հասցեին։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանից պահանջեց դահլիճում պահպանել կոռեկտ մթնոլորտ, հակառակ դեպքում պաշտպանական կողմը ստիպված կլինի մտածել՝ մտնե՞լ այդ դատարան, թե՝ ոչ։ Այն, որ դատական իշխանությունը և անձամբ դատավոր Դանիբեկյանը գտվում են գործող իշխանության ենթակայության տակ, դա վաղուց պարզ էր, բայց այն, որ դատավորն իրեն նեղություն չի տալիս անգամ կարգուկանոն հաստատել դատական նիստերի դահլիճում և ակնհայտ ցույց է տալիս իր կողմնակալ վերաբերմունքը կողմերից մեկի հանդեպ, տհաճ նորություն է։
Ժողովրդավարական երկրներում դատարաններն ամենաապաքաղաքական ու անաչառ մարմիններն են, որոնք պարտավորված են այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի կողմերի հանդեպ հավասարությունն ու անկողմնակալությունն ապահովվի։ Հայաստանում իրավիճակն այլ է։ Իշխանահպատակ դատավորները ոչ թե կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները, այլ մտածում են է՞լ ինչպես հաճոյանալ քաղաքական էլիտային ու հատկապես վարչապետին։ Արդյունքում երկրում ստեղծվում է քաոս․ համակարգը ոչ միայն չի մաքրվում ու առողջացվում, ինչպես 1․5 տարի վանկարկում է գործող իշխանությունը, այլև ավելի է խորանում ապօրինությունների ճահճում։