Գնաճը շարունակվում է, իսկ Փաշինյանը զբաղված է շոումենությամբ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1 տոկոս գնաճ: Մասնավորապես, բանջարեղենը թանկացել է 5.2, իսկ միրգը՝ 6.7 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում արձանագրվել է գնաճ 0.5 տոկոսով, իսկ առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 0.4 տոկոս: Բացի այս ամենից հանրապետությունում գրանցվել է նաև ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.2, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի 0.3 տոկոս գնաճ:
Այս ամենը ունի իր պատճառները: Փաստացի, այսօր ՀՀ առաջին դեմքը զբաղված է միմիայն անձնական վրեժի ծարավը բավարարելով՝ մոռանալով, թե ինչ ամպագոռգոռ հայտարարություններ էր անում հեղափոխության օրերին ու ինչպես էր խոստանում բարձրացնել մարդկանց կյանքի որակը: Ինչքան էլ որ ցավալի է, այսօր Փաշինյանն ամբողջ պետական համակարգը լծել է շոուներ կազմակերպելուն, մարդկանց ապօրինի կերպով բռնել-բաց թողնելուն ու ՍԴ-ի վրա ճնշումներ գործադրելուն, ուստի պատկան մարմինները չեն կարողանում պատշաճ կերպով զբաղվել տնտեսական հարցերով:
Պարզից էլ պարզ է, որ այս բեմականացումներով Փաշինյանն ուղղակի փորձում է շեղել մարդկանց ուշադրությունը այնպիսի կարևոր հարցերից, ինչպիսին օրինակ գնաճն է: Բայց մի բան պետք է հստակ գիտակցել, որ այս խայտառակ բեմականացումներով մարդկանց երկար չես զբաղեցնի: Ժողովրդի համբերության բաժակն արդեն լցվում է, իսկ դրա հետևանքները գործող իշխանության համար շատ ցավոտ են լինելու: