Արա Բաբլոյանը շարունակում է մնալ կասկածյալի կարգավիճակում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) News.am
Արա Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել, նա ունի կասկածյալի կարգավիճակ։ Ինչպես հայտնում է News.am-ը, այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փոխվել է Բաբլոյանի կարգավիճակը։
«Քննչական գործողություններ են ընթանում։ Այսօր հարցաքննություն էր իրականացվում»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն գործով մեղադրյալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: