Զինծառայողների բուժօգնությունը ժամանակավորապես կկազմակերպվի քաղաքացիական բուժհաստատություններում
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, որի պատճառով բուժօգնության ծավալները խիստ սահմանափակվել են և որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է։
Նկատի ունենալով նշված հանգամանքը, մինչև վերանորոգման ավարտը և հոսպիտալի բնականոն աշխատանքների վերականգնումը զինծառայողների ընտանիքի անդամների, երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուների, մարտական գործողությունների մասնակիցների և զինծառայողներին հավասարեցված անձանց բուժօգնությունը կկազմակերպվի քաղաքացիական բժշկական հաստատություններում' պետության կողմից երաշխավորված բուժօգնության կազմակերպման ծրագրի շրջանակներում»,- գրել է Հովհաննիսյանը։