Հոկտեմբերի 14-ի դրությամբ ՀՀ է ներմուծվել շուրջ 114 հազար ավտոմեքենա, որի արդյունքում գանձվել է մոտ 51 մլրդ դրամ. Դավիթ Անանյան
2019 թ. հոկտեմբերի 14-ի դրությամբ Հայաստան է ներմուծվել շուրջ 114 հազար ավտոմեքենա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կայացած մամուլի ասուլիսին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներկրված մեքենաների թիվը 63 հազարով ավելի է:
«Այդ 114 հազար մեքենայից գանձվել է մոտ 51 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ 27 մլրդ-ով ավելի»,- նշեց Դավիթ Անանյանը:
Հիշեցնենք, որ 2020 թ. հունվարի 1-ից ավարտվում է մեքենաների մաքսազերծման համար Հայաստանին տրված արտոնության ժամկետը և հաջորդ տարվանից ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից մեքենա ներմուծելու դեպքում մաքսատուրքն անհամեմատ ավելանալու է: Մեքենաների ներկրման դեպքում գործելու են մաքսազերծման միասնական դրույքաչափեր: