Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը։
Դատարանը տեղեկացված է եղել, որ հոկտեմբերի 8-ին Ռոբերտ Քոչարյանը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, ներկայացրեց Ռ․ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաբանական թիմի հարցմանն ի պատասխան «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենից ստացված տեղեկությունը։
Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է հոկտեմբերի 9-ին, ներկայումս շարունակվում է նրա հետվիրահատական-վերականգնողական բուժումը, և առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում (կախված հետվիրահատական բուժման ընթացքից և արդյունավետությունից), Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին հնարավոր չէ։
Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ դատարանը հայտարարություններ չի լսելու, գործի քննությունը չի կարող շարունակվել։ Դատարանը հետաձգեց նիստը, հաջորդը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 13:00-ին։