Սահակաշվիլին խոստանում Է Վրաստան վերադառնալ առաջիկա ամիսներին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոստանում Է հայրենիք վերադառնալ առաջիկա ամիսներին՝ մինչեւ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Գրուզիա Online»-ը, Սահակաշվիլին հայտարարել Է «Մթավարի արխի» հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Առաջիկա ամիսներին ես պլանավորում Է գալ Վրաստան: Այստեղ թաքցնելու բան չկա: Ուկրաինայում ես ինձ լավ եմ զգում, բայց մենք հայրենիքն ենք կորցնում»,-ասել Է Սահակաշվիլին: «Ես չեմ կարող զբաղվել այլ գործերով այնքան ժամանակ, քանի դեռ չենք կանգնեցրել երկրի այս ավերումն ու քայքայումը»,-հավելել Է նա:
Սահակաշվիլիի խոսքով, ինքը մտադիր Է «վրաց ժողովրդի հետ միասին վերջ դնել» «Վրացական երազանք» կառավարող կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կառավարմանը:
«Ես վրաց ժողովրդի հետ եմ: Եկեք քաղաքական գործիչներին մի կողմ դնենք: Ես քաղաքական գործիչ չեմ, ես արդի վրացական պետականության ստեղծողն եմ, ձեզնից, նրանցից մեկը, ում սիրտը ցավում Է այն բանից, որ երկիրը փլուզվում Է»,-հայտարարել Է նա:
Նախկին նախագահը, որը հեռակա կարգով հայրենիքում դատապարտված Է մի քանի քրեական գործերով, նաեւ խոսել Է Վրաստան վերադառնալուց հետո իր հնարավոր ձերբակալման մասին:
«Կձերբակալեն, թե ոչ, կախված Է վրաց ժողովրդից… Ես բանտից չվախեցա Ուկրաինայում, առավել եւս չեմ վախենում իմ երկրում… Նրանք այնքան թույլ են, որ դիմադրություն ցույց չեն տա վրաց ժողովրդին»,-ասել Է Սահակաշվիլին:
Նախկին նախագահն իր վերադարձը համարում Է «այն գործընթացների շարունակությունը, որոնք վրաց ժողովուրդն սկսեց նախագահական ընտրությունների ժամանակ», եւ որոնք շարունակվեցին Թբիլիսիում հունիսի 20-21-ի բողոքի ակցիաների ընթացքում:
«Ես չեմ կարող պարզապես նստել այստեղ եւ դիտել՝ ինչպես Է կործանվում մեր երկիրը»,-ասել Է նա: