Ռուստամ Բադասյանի նշանակած՝ «Վանաձոր» ՔԿՀ պետը նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկ ամիս առաջ 12 քրեակատարողական հիմնարկներից 8-ի ղեկավարներին փոխել էր։ Այժմ նրա նշանակած կադրերից մեկը հրաժարական է տվել։
ՀՀ արդարադատության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի՝ մեկ ամիս առաջ նշանակված ղեկավարը, Tert.am-ի տեղեկություններով, հրաժարականի դիմում է ներկայացրել։
Արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով օգոստոսի 19-ին նշանակված արդարադատության գնդապետ Մհեր Անտոնյանը մեկ ամիս է «դիմացել» նոր թելադրանքներին ու հեռացել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն։
Նշենք, որ Մհեր Անտոնյանն ավարտել է Ներքին գործերի նախարարության դպրոցը։ Ոստիկանության համակարգում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, իսկ 2019 թվականի մարտի 7-ից ոստիկանության կադրերի ռեզերվում էր։