ԱԺ-ն քննարկում է 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին: Նախատեսվում է հետ վերադարձնել ինչպես նոր, այնպես էլ հին դեբետային մնացորդները:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Գործող Հարկային օրենսգրքով տարանջատվել էր հին դեբետային գումարներ, որոնք առաջացել էին մինչև 2017-ի հուլիսի 1-ը և նոր դեբետային գումարներ, որոնք առաջացել էին 2017-ի հուլիսի 1-ից հետո: Նոր դեբետային գումարները կիսամյակային պարբերականությամբ, իսկ 2019-ի հուլիսի 1-ից եռամսյակային պարբերականությամբ հարկ վճարողի դիմումի հիման վրա հետ է վերադարձվում նրան: Այսօրվա իրավակարգավորումներով հին դեբետային գումարները հետ վերադարձման ենթակա չեն, այլ ուղղվում են միայն ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի առաջիկայում ծագող պարտավորությունների մարմանը: Հիմա օրինագծով առաջարկվում է ԱԱՀ-ի վերադարձման նորմը կիրառել ԱԱՀ-ի բոլոր դեբետային գումարների վրա՝ ըստ էության հնի և նորի որևէ տարանջատում չդնելով»,-ասաց Անանյանը
Գործող իրավակարգավորումներով հետվերադարձի ուսումնասիրման և հավաստիացման կարգ էր մշակվել, որով նախատեսված է պարզեցված ընթացակարգ` մինչև 20 մլն ԱԱՀ դեբետների համար: Դա նշանակում է, որն արտագնա ուսումնասիրություն կամ ստուգում չի իրականացվում հարկ վճարողի մոտ: Իսկ 20 մլն դրամից ավել պարտավորությունների դեպքում ուսումնասիրության, ստուգման միջոցով է հիմնավորվում տվյալ դեբետային գումարի առկայությունը: Նախագծով առաջարկվում է բարձրացնել զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի դեբետային գումարների հետ ստացման դեպքում սահմանաչափը՝ 20 մլն դրամից դարձնելով 40 մլն դրամ: Ստացվում է, որ պարզեցված ընթացակարգ կկիրառեն մինչև 40 մլն դրամ դեբետային գումարների վերադարձման նկատմամբ:
Առաջարկվում է պարզեցված ընթացակարգը կիրառել նաև ավելացված արժեքի հարկի գծով բոլոր դեբետների վերադարձմանը, չսահմանափակվել միայն զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների դեբետներով:
«Հին դեբետային գումարները, որոնք հետ չեն վերադարձվում, կազմում են ավելի քան 56 մլրդ դրամ: Պետությունն այդ պարտավորությունն ունի շուրջ 2835 հարկ վճարողների համար: Նրանցից 2571-ը գործող են, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտքը կազմում է 50 մլրդ 748 մլն դրամ»,-ասաց Անանյանը:
Մինչև 5 մլն դեբետային գումար ունեցողներին վերադարձը կատարվելու է առանց դիմումի և առանց ուսումնասիրություն իրականացնելու, 5-40 մլն դեբետային գումար ունեցողների համար կիրառվելու է պարզեցված ընթացակարգ, իսկ 40 մլնից բարձրի համար կիրառվելու է ուսումնասիրություն և ստուգում: