Վարչապետն ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացրեց կառույցի տնօրենի պաշտոնակատարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրեց կառույցի տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին: Արմենպրեսի փոխանցմամբ` Մարտիրոսյանը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո:
«Պարոն Մարտիրոսյանն իր ողջ աշխատանքային գործունեությունը ծավալել է Ազգային անվտանգության ծառայությունում: Սա շատ կարևոր արձանագրում է: Շատ կարևոր եմ համարում Հայաստանի Հանրապետությունում ինստիտուտների կայացումը, և կարծում եմ, որ ԱԱԾ-ն իրապես կայացած ինստիտուտ է, բայց մենք պայմանավորվել ենք, որ մեր ամբիցիաները գնալով մեծանալու են, և որքան էլ մեր որևէ կառույց կայացած է, մեր հիմնական խնդիրը պետք է լինի նրա պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացումը, ինչն ամենևին չի նշանակում, թե նրա պրոֆեսիոնալ մակարդակը որևէ կերպ ցածր է»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը շնորհավորեց Էդուարդ Մարտիրոսյանին` պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: