Արամ Օրբելյանն ակնարկեց, որ որոշումը կայացնելուց առաջ դատավոր Աննա Դանիբեկյանին այցելություններ են եղել
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատավոր Աննա Դանիբեկյանին ուղղված ակնարկներ արեց՝ հայտարարելով, որ խափանման միջոցը վերացնելու հարցով որոշումը կայացնելուց առաջ նրան այցելություններ են կատարվել, սակայն փաստաբանը մանրամասներ չփոխանցեց։
«Ամեն անգամ, երբ պարոն Քոչարյանի կալանքի փոփոխության հարց պետք է քննվի, ակտիվանում են ճնշումները, հենց այդ հարցը դուրս է գալիս, ճնշումները պասիվանում են։ Վերջին ակտիվությունը տեղի է ունեցել երեկ՝ Ձեր կողմից որոշում կայացնելու նախօրեին։ Չեմ ուզում անդրադառնալ օդում կախված լուրերին՝ Ձեզ կատարած այցելությունների հետ կապված տարբեր մարդկանց կողմից։ Չեմ ուզում անդրադառնալ։ Ընդամենը ասում եմ, որ օդում կախված լուրեր կան, որ այսօրվա կառավարության անդամներից Ձեզ այցելություններ են կատարել...»,-դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ հայտարարեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաստաբանին ընդհատեց մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ Գևորգ Բաղդասարյանը և առարկություն ներկայացրեց փաստաբանի հայտարարությանը։
«Առարկությունը ընդունում եմ և հանում եմ հայտարարության այդ հատվածը»,-արձագանքեց Օրբելյանը։