Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք կներկայացնեն միջնորդության մերժման վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից սեպտեմբերի 17-ին կայացրած որոշման դեմ, համաձայն որի մերժվեց Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:
Արմենպրեսի փոխանցմամբ` այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:
«Վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու առաջին միջնորդությունը մերժելու վերաբերյալ»,- ասաց Ալումյանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց իր պաշտպանյալին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն: Միջնորդության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին որոշում է կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: