Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. հրազենային վիրավորում ախտորոշմամբ Աբովյանի հիվանդանոց են տեղափոխվել 2 անչափահաս տղաներ. Shamshyan.com
Օգոստոսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի կողմնային պատի կույր հրազենային վիրավորում ձախից» և «ձախ բազկի փափուկ հյուսվածքների կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ ոստիկաններն էլ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ, 17-ամյա Է. Ղ.-ն իրենց տան այգում իր մոտ եղած օդաճնշիչ հրացանով (ՏԻՐ) խնձորենու ծառին կրակելու նպատակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ անզգուշաբար կրակոցները դիպել են Ա. Ա-ին և Ն. Ա.-ին:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները հայտնաբերել են նաև հրացանը: