Հպարտ ենք, որ համախմբված ենք հայրենիքում. Համահայկական խաղերի մասնակիցները գոհ են խաղերի ընթացքից
Համահայկական խաղերի մասնակիցները գոհ են խաղերի ընթացքից:
Արմենպրեսի հաղորդմամբ` Համահայկական խաղերի ամենակրտսեր մասնակից 13-ամյա Դեսի Լելեքյանը, ով Ալեքսանդրիայի թիմից է, տպավորված է Ստեփանակերտում կայացած խաղերի բացման հանդիսավոր արարողությունից: «Առաջին անգամ չէ, որ հայրենիքում եմ, բայց առաջին անգամն էի Արցախում: Շատ հաջող բացում էր, ամեն ինչ հրաշալի էր»,-ասաց Դեսին, ում բասկետբոլի թիմը երկու պարտություն է կրել խաղերում և դուրս է մնացել հետագա պայքարից:
Թեհրանի պատվիրակության անդամ Ռազմիկ Միրզախանյանի կարծիքով նախորդ խաղերի համեմատ խաղերի կազմակերպչական աշխատանքը ավելի բարձր մակարդակի է: «Համահայկական խաղերի մասնակիցների շարքում մեր թիմն ամենաերիտասարդն է: Հպարտ ենք, որ համախմբված ենք հայրենիքում»,-ասաց նա:
Իսկ ահա Ֆրեզնոյի բասկետբոլի թիմի խաղարկիչ Ալան Բրեմջինգը գոհ է իր թիմի մինչ այս ցույց տված խաղից, քանի որ երեք հանդիպում էլ հաղթանակով է ավարտել: «Սա իմ երրորդ Համահայկական խաղերն են, ես շատ սիրեցի խաղերն ու վստահ եմ, որ էլի եմ մասնակցելու»,-եզրափակեց նա: