Քաղաքական կախարդանքը կորցնում է ներգործության էներգիան. մոտենում է «հաջողություն մաղթելու» ժամանակը. քաղաքագետ Գարեգին Պետրոսյան
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մոտենում է «հաջողություն մաղթելու» ժամանակը
Իշխանավարման առաջին օրվանից վարչապետ Փաշինյանն իրեն զգում է անհարմարավետ: Քաղաքագիտական առումով հիմնական պատճառները երկուսն են՝
1. Այսպես կոչված «հեղափոխության» շրջանում ունենալով թեև հանրային վստհության բարձր աստիճան` վարչապետն ու իր քաղաքական թիմն ի սկզբանե ունեին տեխնոկրատական լեգիտիմության ցածր աստիճան: Առավել հեռատես քննադատները հայեցակարգային սնանկության և թիմի արհեստավարժության բացակայության պայմաններում դեռ այն ժամանակ անիրատեսական էին համարում անվտանգ պետության, ապահով հասարակության և երջանիկ անհատի մասին խոստումները: Ժամանակն ամեն բան արագ վերադարձրեց բնագիծ. այսօր նույնիսկ Փաշինյանն ու քաղաքական թիմն իրենց ապահով, անվտանգ ու երջանիկ չեն զգում:
2. Արդյունավետ իշխանավարման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ մտածողության և վարքագծի բացակայությունը: Վարչապետն այդպես էլ չյուրացրեց իշխանության իրականացման ինստիտուցիոնալ եղանակները և մնաց փողոցային անպատասխանատու քննադատի կարծրատիպերի մեջ: Ունենալով ավելի քան մեկ տարի ժամանակ և ինստիտուցիոնալ բոլոր հնարավորությունները նախաձեռնելու դատաիրավական համակարգի բարեփոխումներ` ենթագիտակցության մեջ առ այսօր շարունակում է մնալ իր հայտարարություններում անպատասխանատու նույն դեմագոգ ու ամբոխահաճ ընդդիմադիրը: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել դատավորների հասցեին արված «անտեր», «վնգստացող» արտահայտությունները, այլ կերպ հնարավոր չէ բացատրել փողոցային ճնշման գործիքակազմի կիրառումը` որպես իշխանության իրականացման եղանակ (խորհրդարանը շրջափակելու, առանց բացառության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու հայտնի կոչերը):
Այսօր, երբ թավշա սպասումներից հուսալքված բազմության մոտ ակտիվացել է սթափ և ռացիոնալ դատելու ցանկությունը, Փաշինյանն այլևս արագ տեմպերով սկսել է կորցնել իշխանության իրականացման (փողոցային ճնշման) իր հիմնական գործիքակազմը: Ասել է թե` քաղաքական կախարդանքը կորցնում է ներգործության էներգիան: Մոտենում է «հաջողություն մաղթելու» ժամանակը:
«Գնացողներին» ընդունված է մաղթել գոնե հաջողություն, որովհետև երջանկությունը նրանք արդեն կորցրել են:
#գերագույն_գլխավոր_դասալիք»