Հարցական է մնում` ի՞նչ երեսով է վարչապետը նախքան կարևոր խոսակցություն սկսելը ուղիղ նայելու արցախցիների աջքերին․ քաղաքագետ
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Երբ վարչապետը հայտարարում է, թե արցախցիների աչքերի մեջ ուղիղ նայելով ունենալու եմ շատ կարևոր խոսակցություն, անուղղակի վերահաստատում է ամիսներ շարունակ մեր կողմից արված պնդումը, որ թավշյա իշխանությունների և Արցախի հարաբերությունները, մեղմ ասած,հարթ չեն: Փոխըմբռնման պակաս, կարելի է ասել, եղել է ի սկզբանե և հաղթահարելու փոխարեն անցած 14 ամիսների ընթացքում հայաստանյան իշխանություններն այն ավելի են շիկացրել:
Թե ինչու են հարաբերություններն ընդունել նման բովանդակություն, այլ դիտարկման հարց է: Հարկ է պարզապես ընդգծել, որ այսօր էլ հարաբերությունների հետևողական վատացման դինամիկան շարունակում է պահպանվել: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել դատարանների մուտքերն ու ելքերը փակելու վարչապետի ապօրինի հորդորը, որը հաջորդել էր Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ Արցախի 1-ին և ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի կալանքի եղանակը փոխելու դատարանի որոշմանը:
Այլ կերպ հնարավոր չէ բացատրել նաև Արցախի հերոս և անվտանգության հարցերի գծով նախագահի խորհրդական Վ. Բալասանյանի ավտոմեքենայի ապօրինի (առանց համապատասխան որոշման) խուզարկություն-ներկայացումը, քարերով Արցախի նախագահի գլուխը ջարդելու սպառնալիքներն անպատիժ թողնելը:
Այս ամենի ֆոնին հարցական է մնում` ի՞նչ երեսով է վարչապետը նախքան կարևոր խոսակցություն սկսելը ուղիղ նայելու արցախցիների աջքերին: