Ռոբերտ Քոչարյանի գործում ՍԴ-ի սխալվելն անթույլատրելի է. Հրայր Թովմասյան
Այն հանգամանքը, որ քաղաքական ամբողջ կյանքը կարող է ծավալվել մեկ քրեական գործի շուրջ, որևէ երկրի համար լավ չէ, այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ նկատի ունենալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը,-տեղեկացնում է Politik.am-ը․
«Ցանկալի է, որ քաղաքական երևույթները ծավալվեն համապետական ընտրությունների կամ դրան համարժեք այլ իրադարձության շուրջ։ Այնուամենայնիվ, սա ստանդարտ գործ չէ նաև ՍԴ-ի համար, բայց ոչ թե այն պատճառով, որ կա հանրային այդքան մեծ հետաքրքրություն, այլ այն պատճառով, որ վիճարկվող նորմն էականորեն տարբերվում է մյուս հոդվածներից։ Երկրորդ, որ շատ ավելի կարևոր է, մենք երբևէ այս նորմի կիրառման պրակտիկա չենք ունեցել։ Ինձ համար, վստահեցնում եմ, այն սովորական մի գործ է՝ անկախ քաղաքական և իրավական հետաքրքրությունից։ Իմ և ՍԴ մյուս դատավորների համար այն շարքային գործ է», - հավաստիացրեց Հրայր Թովմասյանն՝ ավելացնելով, որ այս գործում ՍԴ-ի սխալվելն անթույլատրելի է։
Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը որևէ գործով, որևէ դեպքում չեն տալիս վերջնական վերդիկտներ և նույնիսկ չեն որոշում՝ տվյալ հոդվածը համապատասխանու՞մ է եվրոպական կոնվենցիային, թե՞ ոչ։
«Բայց նրանց փորձառությունը, ստանդարտները, որոնք կան եվրոպական երկրներում, մեզ օգնելու են, մենք կարևորելու ենք դրանք՝ նշված գործով որոշում կայացնելու համար։ Գործով վերջնական ակտը, սակայն, կայացնելու է ՍԴ-ն», - շեշտեց ՍԴ նախագահը։