Ալբանիայի նախագահը միլիարդատեր Սորոսին մեղադրել է երկրում իշխանությունը զավթելու փորձի համար
Ալբանիայի նախագահ Իլիր Մետան հայտարարել է, որ երկրին հաջողվել է խուսափել մի դավադրությունից, որի կազմակերպիչը միլիարդատեր Ջորջ Սորոսն է և որի նպատակն էր Ալբանիայում ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը,-տեղեկացնում է Tert.am-ը.
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նախագահի պնդմամբ՝ միլիարդատեր ֆինանսիստը փորձել է «միջամտել անցած հանգստյան օրերին կայացած ՏԻՄ ընտրություններին և զավթել իշխանությունը»: Մետան Սորոսին մեղադրել է դավադրության քաղաքական սխեմայի հետևում կանգնած լինելու համար: Նա այս մասին հայտարարել է նրանից հետո, երբ Ալբանիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են մասնակցել կիրակի կայացած ընտրություններին:
Նախագահը փորձել է հետաձգել ընտրությունները՝ նշելով, որ առանց ընդդիմության դրանք ժողովրդավար չեն լինի: Քաղաքական ճգնաժամը լուծելու համար նա կոչ է արել նոր ընտրություններ անցկացնել:
Երկիրի նախագահը, առանց որևէ հիմնավոր ապացույց ներկայացնելու, հայտարարել է, որ «Սորոսը դավադրություն էր կազմակերպել իշխանությունն ամբողջովին զավթելու համար»:
«Ցավոք, ականջ չդրեցի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Սորոսի մասին ասածին: Ճիշտն ասած՝ 2000թ. ես սիրով էի խոսում նրա մասին, քանի որ Սորոսը մեզ օգնել է ընդդիմություն եղած ժամանակ, սակայն Օրբանն ինձ նախազգուշացրեց.«Զգոն եղիր, քանի որ նա այդքան էլ ժողովրդավար չէ ու հաճախ դավադրություններ է կազմակերպում հենց ժողովրդավարության դեմ»,-պատմել է Մետան:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ նախորդ տարի Հունգարիայի կառավարությունն ընդունել է «Կանգնեցնել Սորոսին» օրինագիծը, որի նպատակն է արգելել երկրում նրա «Բաց հասարակություն հիմնադրամներ» կազմակերպության գործունեությունը: