Մանկապարտեզ-դպրոց-համալսարան-զրահատանկային զորքերի ֆելդ մարշալ. Ալեքսանդր Կոչուբաևը` Ռուստամ Բադասյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու մասին
«Կոնտրա լեգեմ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Արտակ Զեյնալյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Հովհաննես Մանուկյան, Հրայր Թովմասյան,Գևորգ Դանիելյան, Դավիթ Հարությունյան, Մարատ Ալեքսանյան, Վահե Ստեփանյան.
Ոչինչ չէր հուշում, որ այս մտքի գիգանտներից հետո մեր արդարադատության համակարգը կհանձնվի անհայտ երիտասարդի։ Ամենայն անկեղծությամբ հայտնում եմ՝ նորանշանակ նախարարի անունը առաջին անգամ էսօր լսեցի ու ոչինչ չունեմ նրա անձի կամ մասնագիտական որակների դեմ և կասկածի տակ էլ չեմ դնում ու իրավունք էլ չունեմ։ Բայց․․․ արդյոք արդարադատության ոլորտի պետական կառավարումը սրան էր արժանի։ Միթե մեր երկրում չկային փորձառու իրավաբաններ, ովեքեր կարող էին նշանակման տարվել։
Պետական ծառայության պերմանենտ նսեմացումը շարունակվում է։ Գուցե սա է պատճառը, որ պետական ապարատը կորցրել է իր գրավչությունը։ Կարդում ես մեր <<քաղաքական էլիտայի>> կենսագրությունը, որը հանգում է հետևյալին․ մանկապարտեզ-դպրոց-համալսարան- զրահատանկային զորքերի ֆելդ մարշալ։ Սա աղետ է պետական կառավարման համար։ Լինելով վարչական իրավունքի մասնագետ խստորեն դատապարտում եմ մեր երկրի իրականացվող կադրային քաղաքականությունը կամ որ ավելի դիպուկ է դրա բացակայությունը։
Նախարարը միայն լավ իրավաբանը չէ․ դա գիտելիքի, կենսափորձի և պետական ծառայության չարքաշ ուղին մաշելու համադրություն է։ Մնում է մաղթել երիտասարդին հաջողություն ու հուսալ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի։