Իրանից Հայաստան եկած երիտասարդների մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել․ ոստիկանության նոր բացահայտումը (տեսանյութ)
Օրերս ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տեղեկություններն են ստացվել։
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, դրանք իրացնելու ուղղությամբ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների մասնակցությամբ։
Արդյունքում՝ հունիսի լույս 12-ի գիշերը Իրանից Հայաստան ժամանած 29-ամյա և 25-ամյա երիտասարդները Մեղրիի մաքսակետում ենթարկվել են մաքսային զննման։ Նրանցից ավագի մոտ հայտնաբերվել է 56 գրամից ավելի քաշով մեթամֆետամին, իսկ կրտսերի՝ մարիխուանայի նմանվող զանգված։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Երիտասարդները ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։