Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը վերջին երկու օրերին համեմատաբար կայուն է. Դավիթ Տոնոյան
Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հունիսի 13-ի և նախորդ օրվա դրությամբ համեմատաբար կայուն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է սահմանին:
«Այս պահին երեկվա և այսօրվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է»,-նշեց Տոնոյանը:
Հարցին, թե արդյոք կա՞ պատերազմի վտանգ` նախարարը վստահեցրեց` եթե պատերազմի սպառնալիքն անմիջական լինի, ինքն անպայման կտեղեկացնի:
Լրագրողի դիտարկմանը, թե կարծես անօդաչու թռչող սարքերի ակտիվություն է նկատվում շփման գծի երկայնքով, նա նշեց. «Մեր անօդաչու թռչող սարքերն էլ են թռչում ամբողջ երկայնքով»:
Լրագրողի դիտարկմանը, թե կարծես հատուկ ջոկատայինների կուտակում կա, Տոնոյանը նշեց, որ հատուկ ջոկատայինների կուտակում կա նաև մեր կողմից: