Ըստ Ավինյանի՝ Երևանում օդի որակի խնդիրը մեծապես պայմանավորված է բնակլիմայական պայմաններով

Ըստ Ավինյանի՝ Երևանում օդի որակի խնդիրը մեծապես պայմանավորված է բնակլիմայական պայմաններով

Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսից քամի, որի արդյունքում տեսանելիորեն օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեցել, զգալի այնքանով, որ համադրելի է ամառվա ցուցանիշների հետ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ զեկուցել է Բնապահպանության վարչության պետի ժ/պ  Սիրարփի Հայկազյանը:

 

«Մենք չենք բավարարվում միայն նրանով, որ կա ցիկլոն կամ անտիցիկլոն, ավագանու նիստով երկու որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններ ենք ներկայացնելու՝ նվազեցնելու մարդածին աղբյուրներից արտանետումները: Փոփոխություններից մեկը վերաբերելու է ավագանու 405 N որոշմանը, լրացուցիչ սահմանափակումներ են կիրառվելու շինհրապարակների նկատմամբ, երկրորդը՝ ավագանու 48 N որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններն են, որը պարտադիր բարեկարգման նորմեր է ենթադրում: Այն կիրառվելու է հանքավայրերի նկատմամբ»,-նշել է նա:

Ավինյանը հերթական անգամ ընդգծել է, որ Երևանում օդի որակի խնդիրը մեծապես պայմանավորված է օդի ինվերսիայով, բնակլիմայական պայմաններով և աշխարհագրական դիրքով: