Ապրի՛ ընդդիմությունը, որ աշխատեց գրագետ. պիտի անել ավելի՛ն․ Աբրահամ Գասպարյանը՝ Վաղարշապատի ընտրությունների մասին

Ապրի՛ ընդդիմությունը, որ աշխատեց գրագետ. պիտի անել ավելի՛ն․ Աբրահամ Գասպարյանը՝ Վաղարշապատի ընտրությունների մասին
Ի՞նչ հասկանալ Վաղարշապատի ընտրության արդյունքից. այս մասին գրել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։
 
 
1․ Չթերագնահատե՛լ ընդդիմությանը. ավագանիում ՔՊ-ի թվային գերակշռությունն առաջիկայում կանցնի լուրջ փորձաքննություն: Իշխանության՝ հնամաշ հանգերգով ընտրող որսալու՝ արդեն ձանձրալի գործելաոճն անցյալում է:
 
 
2․ Իշխանության վստահ հաղթանակին այլևս չեն օգնում կեղծ «գերհերոսները»՝ իրենց սրտիկներով, ՖԲ ալգորիթմներով և վիրտուալ քաղաքական կրկեսային ներկայացումներով: Համենայնդեպս, «Մանվել տապալած» քաղաք Էջմիածինն ընդդիմանում է իշխանության սնամեջ քարոզչությանը, հակաեկեղեցական կեցվածքին, կոռուպցիոն հեղինակությանն ու անարդյունավետ կառավարմանը:
 
 
3․ Ընդդիմությանը փողոցում չաջակցել՝ դեռ չի նշանակում կորցնել ազգային մոտալուտ աղետը ողնաշարով զգալու կարողությունը: Մարդիկ կարող են չբղավել, բայցև չքվեարկել իշխանության օգտին՝ հակառակ ճնշումներին:
 
 
4․ Ընտրական մասնակցության բարձր ցուցանիշը կարող է փոխել հետագա իրադարձությունների ընթացքը:
 
 
5․ Վաղարշապատում ՔՊ-ի ընտրական հաջողության շարժիչ ուժը ոչ թե իշխանության հանրապետական հեղինակության գործոնն է, այլ թեկնածուի անձնական քվեն (personal vote), որը պայմանավորված է թեկնածուի սոցիալական կապերով, «տոհմիկ» ազգանվան հնչեղությամբ կամ ազդեցությամբ։ Սա ակնհայտորեն խոսում է «իզմերի» իբրև թե չհավատացող ՔՊ-ի կուսակցական ինստիտուցիոնալացման թուլության ցուցիչների խորացման մասին, որտեղ կուսակցությունը չի կարողանում իր հեղինակությունն ու ազդեցությունը վերարտադրել տեղական մակարդակում, համենայնդեպս՝ քաղաքներում։
 
 
Հիասթափվել չկա՛, հուսահատվել չկա՛, միայն համառ ու հետևողական աշխատանք: Ապրի՛ ընդդիմությունը, որ աշխատեց գրագետ: Պիտի անել ավելի՛ն: Հաղթանակները կերտվում են՝ սայթաքումներից և ձախողումներից դասեր քաղելով: Գործող վարչախումբը գաղափարապես սնանկ է, բնույթով՝ հեշտ կոտրվող, ռեսուրսով՝ հարուստ, բայց ռեպրեսիվ: Ազգի կամքը չի ծնկում ոչ մի բռնաճնշող մեքենայի առջև:
Պի՛նդ եղեք: