Ամերիկացիները բարձրացնում են Քոչարյանին՝ փչացնելով Փաշինյանին․ Հրապարակ

Ամերիկացիները բարձրացնում են Քոչարյանին՝ փչացնելով Փաշինյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․

 

Ամերիկյան կողմը «Ազատություն» ռադիոկայանի միջոցով գաղտնազերծել է 1999-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Արցախի հարցով բանակցությունների որոշ մանրամասներ: Առերեւույթ նպատակը՝ համոզել հայ հանրությանը, որ Ռոբերտ Քոչարյանն իսկապես բանակցել է Արցախը Մեղրիով փոխանակելու մասին եւ նույնիսկ համաձայնություն է տվել այդ տարբերակին: Իսկ ծրագիրը չի իրականացվել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատճառով։ Եւ Քոչարյանը, չունենալով ներքին աջակցություն եւ վախենալով կորցնել իշխանությունը, չհամարձակվեց գնալ նման քայլի: Այն տարիների ընդդիմությունը Քոչարյանին մեղադրում էր հոկտեմբերի 27-ը կազմակերպելու մեջ: Քոչարյանի քննադատները պնդում էին, որ 27-ին նախորդած անվտանգության խորհրդի նիստում, երբ դրվել է տարածքների փոխանակման հարցը, միայն Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են դեմ եղել, մյուսները համաձայնել են դրան:

 

Նախ պետք է նկատի ունենալ, որ փաստաթղթերը գաղտնազերծվում են ընտրողաբար, եւ ընտրվում են հենց նրանք, որոնք կարող են ծառայել դրված նպատակի իրագործմանը։ Փորձենք հասկանալ, թե որն է ամերիկյան կողմի նպատակը, ինչ խնդիր են դրել ամերիկացիները՝ նման ֆիլմ պատրաստելով: Արդյոք նրանց նպատակը Փաշինյանին պաշտպանե՞լն է, թե՞ ճիշտ հակառակը՝ որոշել են ազատվել նրանից: Նույնիսկ ներկայացված փաստերն ապացուցում են, որ եթե անգամ Քոչարյանը սկզբում համաձայնել է Մեղրին Արցախով եւ Լաչինի միջանցքով փոխանակելու հետ, միեւնույն է` հետագայում հետ է կանգնել դրանից: Նախ Ռոբերտ Քոչարյանը 2000-ի սկզբին Հեյդար Ալիեւին հավելյալ նախապայման է ներկայացրել, ըստ որի, Թուրքիան պետք է ճանաչի եւ ներողություն խնդրի ցեղասպանության համար, իսկ հետո ասել է, որ Հայաստանի համար Իրանի սահմանը ռազմավարական նշանակություն ունի, եւ ինքը չի կարող կողմ լինել մի կարգավորման, որի արդյունքում Հայաստանը կորցնի սահմանն Իրանի հետ՝ հայտնվելով թուրքական եռակողմ շրջապատման մեջ: 2005-ին արդեն Քոչարյանն առաջարկել է Ադրբեջանին հանձնել ոչ թե Մեղրիի շրջանը, այլ «ինքնիշխան միջանցքներ», որը մերժվել է Ադրբեջանի նախագահի կողմից: 

Ամերիկյան կողմի գաղտնազերծած փաստաթղթերն ունեն այլ նշանակություն եւս: Դրանք ապացուցում են, որ Մեղրիի միջանցքի գաղափարն առաջ են քաշել ամերիկացիները` տարածքների փոխանակման գաղափարը պետքարտուղարության աշխատակից Փոլ Գոբլինն է, որը մեծ ոգեւորությամբ է ընդունվել Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ ստացել է ամերիկյան աջակցությունը: Մասնավորապես, ըստ գաղտնազերծված փաստաթղթերի, ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթն ասել է. «Եթե ադրբեջանցիները եւ հայերը բանակցությունների միջոցով՝ առանց ուժի գործադրման, որոշեն գնալ այդպիսի լուծման, Մինսկի խումբն ու Ամերիկան կաջակցեն դրան»։ Կա նախ մեջբերում ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորի 1999 թվականի ուղերձից` ուղղված Հայաստանին եւ Ադրբեջանին. «Հասկանում եմ, որ այդ բանակցությունները նախատեսում են ոչ հեշտ զիջումներ, որոնց պետք է գնան երկու կողմերը, բայց ես միաժամանակ կարծում եմ, որ ձեր որոշումը՝ օգտվել այդ բացառիկ հնարավորությունից, իմաստուն է ու քաջ»: ԱՄՆ փոխնախագահը քաջալերում է կողմերին՝ ավարտին հասցնել այդ ծրագիրը, ինչը նշանակում է, որ այն տեղավորվում է ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության տիրույթում: Նույնիսկ 1999-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ամերիկյան կողմը փորձել է առաջ տանել այս ծրագրի իրականացումը: Այդ ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթը 2000 թ. փետրվարի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Իվանովի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել՝ չկորցնել խաղաղության հասնելու հնարավորությունը. «Պետքարտուղարն ասաց՝ ինքը փոխանցել է Ալիեւին եւ Քոչարյանին, որ նրանք չպետք է կորցնեն խաղաղության հասնելու հնարավորությունը, որ այսօր ունեն։ Թվում է՝ Անկարան հիմա վարում է առավել բաց ու աջակցող քաղաքականություն, սակայն նրանք երբեք այնքան հեռուն չեն գնա, որքան հայերի իդեա ֆիքսն է՝ ցեղասպանության համար ներողություն խնդրելը»։ Օլբրայթը փորձել է այս հարցում ստանալ Ռուսաստանի աջակցությունը, մանավանդ որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Իվանովը հայտնի էր ամերիկացիների դրածո լինելով: 

Ըստ ամերիկյան կողմի գաղտնազերծած փաստաթղթերի, Ռուսաստանը կարող էր սկզբում ընդհանրապես տեղյակ չլինել ամերիկյան կողմի աջակցությամբ ընթացող բանակցություններից եւ տարածքների փոխանակման ծրագրից: ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ հանդիպման ժամանակ պատմել է. «Քոչարյանի զգուշավորության մի մասն իր մտահոգությունն էր, որ ռուսները հնարավոր է՝ ամբողջությամբ տեղյակ չեն իր ու Ալիեւի միջեւ ձեռք բերված առաջընթացից։ Քոչարյանը կհանդիպի Ելցինին նոյեմբերի 5-ին ու կխոսի նրա հետ։ Քոչարյանն անհանգստացած էր՝ հանկարծ այնպես չստացվի, որ Մոսկվային թվա՝ ինքը կամ ամերիկացիներն աշխատում են ռուսների թիկունքում»։ Եթե Քոչարյանը կարող էր առանց ռուսների իմացության, ԱՄՆ միջնորդությամբ ուղիղ բանակցել Հեյդար Ալիեւի հետ, ստացվում է, որ նա այնքան էլ Ռուսաստանի մարդը չէ, ինչպես փորձում են ներկայացնել նրան: 

Այս պատմությունը ցույց է տալիս, որ ինչպես 1999 թվականին, այսօր եւս Թուրքիայի կողմից Մեղրիին տիրանալու հարցում արտաքին շահագրգիռ կողմը Միացյալ Նահանգներն է եւ ոչ թե Ռուսաստանը, ինչպես որ պնդում է Նիկոլ Փաշինյանը: Ընդհակառակը, հիմա արդեն հասկանալի է դառնում, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Ռուսաստանը Մեղրիով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր իրավունքի մասին հիշատակումը մտցրել է միայն մի մտավախությամբ, որ Հայաստանն այդ տարածքը կարող է հանձնել Թուրքիային եւ, հետեւաբար, Միացյալ Նահանգներին: 

Արդյո՞ք այս գաղտնազերծմամբ ԱՄՆ իշխանությունները փորձում են վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանին եւ հերթական անգամ իրենց պաշտպանության տակ վերցնել իրենց դրածո Նիկոլ Փաշինյանին, ասելով` տեսեք, ժամանակին Քոչարյանը փորձել է հանձնել Մեղրին, իսկ Փաշինյանը մինչ այսօր համառորեն պայքարում է Մեղրիի համար: Եթե նպատակը դա է, ապա գաղտնազերծումը չի ծառայում իր նպատակին, որովհետեւ եթե անգամ ընդունենք, որ Քոչարյանը նման տարբերակ բանակցել է, ապա հետագայում, հասկանալով դրա վտանգավորությունը, պատրվակ է գտել դրանից հրաժարվելու համար: Մինչդեռ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանը կորցրել է ոչ միայն Արցախը եւ դրա շուրջ ստեղծված անվտանգության գոտին, այլեւ Հայաստանի ինքնիշխան տարածքներից զգալի հատվածներ, այդ թվում չափազանց կարեւոր ռազմավարական նշանակության բարձունքներ: Ամերիկյան կողմի գաղտնազերծած փաստաթղթերը, հակառակը, ցույց են տալիս, որ Քոչարյանը եղել է բավական ճկուն եւ հմուտ բանակցող եւ եթե ինչ-որ պահի տեսել է, որ բանակցությունները հայկական կողմի համար ոչ բարենպաստ ընթացք են ստանում, կարողացել է շեղել այդ ընթացքը, առանց հայկական կողմի համար էական կորուստների: Գուցե մեր նախնական ենթադրությունը, թե այս գաղտնազերծման իմաստը Քոչարյանին վարկաբեկելն ու Փաշինյանին պաշտպանելն է, այնքան էլ իրական չէ, այլ ճիշտ հակառակն է. ԱՄՆ նոր իշխանությունները որոշել են հրաժարվել թուրքական խամաճիկի վերածված,  անհարկի մեծ պարտավորությունների տակ մտած Փաշինյանից՝ փորձելով հայ հասարակությանը ցույց տալ, որ դուք ունեցել եք ավելի հմուտ եւ ձեր երկրի շահերը պաշտպանելու ունակ ղեկավարներ եւս: Թերեւս սրանով է պայմանավորված ամեն գնով ԱՄՆ նախագահ Թրամփին հանդիպելու եւ նրան իր հավատարմությունը հայտնելու Փաշինյանի անկասելի մղումը, որը դժվար թե իրականություն դառնա: Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ էր մասնակցում Թրամփի երդմնակալությանը, բայց Թրամփը դրանից հետո Վրաստանում ամբողջ իշխանությունը նրան հանձնելու մասին հրամանագիր չստորագրեց, չէ՞: