Երեխեքիս ո՞նց պահեմ, կգնամ գողություն կանեմ. Մսավաճառ

Երևանի Գումի շուկայում վաղ առավոտից լարված իրավիճակ է: ՍԱՏՄ աշխատակիցներն ու կարմիրբերետավորները թույլ չեն տալիս մսավաճառներին բացել կրպակներն ու առևտուր սկսել՝ պատճառը ոչ սպանդանոցային մորթն է: Մսավաճառները բողոքում են, որ հենց Ամանորին ընդառաջ են ստուգումներ կատարվում:
«Նորագավիթից բռնած մինչև Արտաշատ թող գնան էդ գյուղացուն ասեն՝ «խի՞ ես միսդ դրել ստեղ ծախում»: Դե թող գնան ընդեղից բերեն, կոկորդները կկտրեն: Խելոք ժողովուրդ են գտել: Երեխեքիս ո՞նց պահեմ: Կգնամ գողություն կանեմ: 40 տարեկան տղա եմ ինձ ասում են՝ տարիքդ անցել է, դու չես կարող ոչ մի տեղ աշխատել»,- ասաց մսավաճառներից մեկը:
Ավելի վաղ ՆԳՆ հայտնել էր, որ ՍԱՏՄ աշխատակիցների և քաղաքացիների միջև վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել: Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանություն: