Մուծվում են բոլորը․ «տուգանքի մատերիալից»՝ «հարկման մատերիալ». 168.am

Մուծվում են բոլորը․ «տուգանքի մատերիալից»՝ «հարկման մատերիալ». 168.am

168.am-ը գրում է. Եկամուտների համընդհանուր հայտարարագրման անվան տակ, կառավարությունը պատրաստվում է տեռորի ենթարկել ու հարկային մամլիչով անցկացնել Հայաստանի երբեմնի «հպարտ» քաղաքացիներին։

«Տուգանքի մատերիալ» դառնալու հետ համակերպված քաղաքացիներն այլևս կվերածվեն նաև  հարկման «մատերիալի»։

Քանի դեռ չէին եկել իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ։ Եկան իշխանության՝ քաղաքացուն ամբողջությամբ դարձրին տուգանքի «մատերիալ», դրեցին համատարած տուգանքների տակ։

 

Հիմա էլ դարձնում են հարկման «մատերիալ»՝ պատրաստվում են հարկային տեռորի ենթարկել ու դնել հարկման տակ։

Ժամանակին հայտարարում էին, թե եկամուտների հայտարարագրումը ֆիսկալ նպատակ չի հետապնդում։ Բայց, ինչպես միշտ, խաբում էին։

Եկամուտների համընդհանուր հայտարարագրումը մեկ հիմնական նպատակ ունի՝ հարկել քաղաքացիների եկամուտները, քաղաքացուն մշտապես պահել հարկային հսկողության տակ ու անցկացնել հարկային մամլիչի միջով։

Դրա համար պատրաստվում են քաղաքացիների նկատմամբ կիրառել հարկային վարչարարության նոր գործիքներ։

Անցած շաբաթ կառավարությունը, չզեկուցվող հարցերի շարքում, Հայաստանի «հպարտ» քաղաքացիներից թաքուն հավանություն տվեց Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած նոր օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Հարկային օրենսգրքում», ՊԵԿ-ին տալ նոր լիազորություններ՝ քաղաքացիների եկամուտների նկատմամբ հսկողություն սահմանելու ու հարկային պարտավորություններ առաջադրելու համար։

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակներում, քաղաքացին կդառնա հարկայինի, այսպես կոչված, թեմատիկ ուսումնասիրման առարկա։

Նպատակը հարկային հսկողության իրականացումն է՝ եկամուտները հարկելու ակնկալիքով։

«Նախագծով սահմանված կանոնակարգումների շրջանակներում կներդրվի անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ թեմատիկ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով հարկային հսկողական գործիքակազմ, ինչի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ և լիարժեք հսկողություն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ և վերջիններիս կողմից հարկվող գործարքներ իրականացնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով առաջադրել հարկային պարտավորություններ»,- «Հարկային օրենսգրքում» առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն այսպես է հիմնավորել կառավարությունը։

Այն վերաբերում է եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին։

Ինչպես հայտնի է, փուլ առ փուլ քաղաքացիներին մտցնում են եկամուտների հայտարարագրման տակ։

Արդեն հաջորդ տարի, այս տարվա եկամուտների հիման վրա, հայտարարագիր կներկայացնեն աշխատող բոլոր քաղաքացիները, անկախ նրանից՝ աշխատում են պետակա՞ն, թե՞ մասնավոր հատվածում։ Մինչև մայիսի 1-ը նրանք պարտավոր են ներկայացնել եկամուտների հայտարարագիր։

Այս պահանջը վերաբերում է ոչ միայն Հայաստանում, այլև դրսում աշխատող Հայաստանի քաղաքացիներին։

Խոսքը նաև արտագնա աշխատանքի մեկնող տասնյակ, եթե ոչ՝ հարյուր-հազարավոր քաղաքացիների կամ «խոպանիչների» մասին է, որոնք դրսում աշխատած իրենց եկամուտների վերաբերյալ պետք է հայտարարագիր ներկայացնեն ու դրանց դիմաց հարկեր վճարեն կառավարությանը։ Եթե չներկայացնեն էլ, հարկայինն իր խողովակներով կիմանա, նաև բանկային հաշիվներին հասանելիության միջոցով, ու հարկերը վճարելու պահանջ կներկայացնի։

Հիշեցնենք, որ անցած տարի այդպիսի փորձ արեցին, սակայն հանդիպելով «խոպանչիների» դիմադրությանը՝ ստիպված եղան նահանջել։

Ի՞նչ կլինի այս անգամ, շուտով կտեսնենք։

Բայց այն, ինչ պատրաստվում են անել «Հարկային օրենսգրքի» փոփոխություններով, անում են հարկայինին նոր լիազորություններ վերապահելու ու նաև այս քաղաքացիների դիմադրությունը կոտրելու համար։ Անհատապես բոլորին կդնեն հարկային խիստ վարչարարության տակ ու կստիպեն դրսում աշխատած գումարների դիմաց հարկեր վճարել։

Ներսում աշխատողները ևս անմասն չեն մնա։ Նրանք էլ կհայտնվեն հարկային վարչարարության տակ ու ստիպված կլինեն ենթարկվել հարկային մարմինների կամայականություններին։

Եկամուտների հայտարարագրման շրջանակներում հարկայինին հասանելի կդառնան քաղաքացիների բանկային տվյալները, նաև երբեմնի բանկային գաղտնիք համարվող տվյալները։ Բանկային գաղտնիքը կդառնա առոչինչ։

Հարկային հասարակ տեսուչը հասանելիություն կստանա քաղաքացիների բանկային գաղտնիքին ու բանկային հաշիվների տեղաշարժերին։

Պատեհ պահի այդ տեղեկատվությունն իշխանությունները կարող են օգտագործել՝ քաղաքացու վրա ճնշում գործադրելու, շանտաժի ենթարկելու համար։ Դրա համար հարկայինը լծակների պակաս չի ունենա։

Նոր լիազորության շրջանակներում, թեմատիկ ուսումնասիրության անվան տակ՝ պատրաստվում են հարկային մարմնի ներկայացուցիչներին վերապահել նաև այցելություններ քաղաքացիներին։

Արդեն հարկատուներին հարկային տեռորի ենթարկելով, բիզնեսի բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ փոքր բիզնեսի վրա հարկային բեռը պարբերաբար բարձրացնելով, տույժեր ու տուգանքներ կիրառելով չեն բավարարվում, տեռորի կենթարկեն նաև քաղաքացիներին։ Եկամուտների հայտարարագրումը կդարձնեն գործիք՝ նաև անհնազանդներին հնազանդեցնելու ու պատժելու համար։ Այդ նպատակով հարկայինին նոր լիազորություններ կվերապահեն՝ դառնալով հերթական գլխացավանքը քաղաքացիների համար։