Նման վերաբերմունքը ցավալի ազդեցություն ունի մեր թիմի վրա․ Մալխաս Ամոյանը՝ զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ից դուրս մնալու մասին

Նման վերաբերմունքը ցավալի ազդեցություն ունի մեր թիմի վրա․ Մալխաս Ամոյանը՝ զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ից դուրս մնալու մասին

Ինչպես  ArmLur.am-ը գրել էր՝ նոյեմբերի 18-23-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու բանակայինների ընբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցության հայտ է ներկայացրել 40 երկիր, այդ թվում և Թուրքիան։

 

Հայաստանը ևս ներկայացված է լինելու առաջնությունում։ Սակայն, եթե ի սկզբանե ՀՀ-ից մասնակցության հայտ ներկայացրած մարզիկները գործող չեմպիոններն էին, ապա այժմ, պարզվում է, որ նրանց թույլ չեն տվել մասնկացել առաջնությանը՝ առանց որևէ պատճառաբանության:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ թույլ չեն տվել առաջնությանը մասնակցել ներկա պահին ժամկետային զինծառայողներ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին, Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին, Եվրոպայի չեմպիոններ Արման Անդրեասյանին և Վազգեն Թևանյանին, աշխարհի երիտասարդների չեմպիոն Վիգեն Նազարյանին, բանակայինների աշխարհի չեմպիոն Գևորգ Թադևոսյանին, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանին, Եվրոպայի երիտասարդների մրցանակակիր Կնյազ Իբոյանին։ Արդյունքում, Հայաստանը տվյալ առաջնությունում ներկայացնելու են յուրաքանչյուր քաշի «երրորդ համարները», այլ ոչ չեմպիոնները։ Մինչդեռ Թուրքիան առաջննությանը մասնակցելու է բավականին տպավորիչ կազմով, իր այսպես կոչված «առաջին համարներով»՝ հավաքականում ունենալով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, ինչը վերոնշյալ հայ ըմբշամարտիկների բացակայության պայմաններում, երաշխավորելու է նրանց հաղթանակը։

ArmLur.am-ը կապ հաստատեց մարզիչ Արմեն Բաբալյանի հետ՝ հասկանալու, թե ինչն է նման քայլի պատճառը։ Վերջինս ասաց, որ չի կարող ArmLur.am-ի հարցին պատասխանել:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաև մարզիչ Արայիկ Բախդադյանի հետ, սակայն զանգերը մնացին անպատասխան:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը անդրադարձել է թեմային ՝ նշելով․

«Մեր թիմը պատրաստ էր մասնակցելու Երևանում կայանալիք Բանակայինների ընբշամարտի աշխարհի առաջնությանը, սակայն մեզ համար անհայտ և անհասկանալի պատճառներով ԲԿՄԱ-ի մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են այդ հնարավորությունից։ Նման վերաբերմունքը ցավալի ազդեցություն ունի մեր թիմի վրա»,- գրել է Ամոյանը։