«Շոշափելի տեմպերով զարգացող» կեղծ աճեր և իրական անկումներ․ տնտեսության մռայլ հեռանկարները. 168.am

«Շոշափելի տեմպերով զարգացող» կեղծ աճեր և իրական անկումներ․ տնտեսության մռայլ հեռանկարները. 168.am

168.am-ը գրում է․

Վերջերս մարզ կատարած այցերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը շոշափելի տեմպերով զարգանում է։

«Այս այցից իմ եզրակացությունը հստակ է և միանշանակ՝ ՀՀ-ն զարգանում է շոշափելի տեմպերով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Թե ինչքանո՞վ է Հայաստանը շոշափելի տեմպերով զարգանում, երևում է տնտեսության վիճակից։ Հայաստանի տնտեսության զարգացումները բոլորովին էլ չեն փայլում իրենց շոշափելի տեմպերով։ Արձանագրվող անգամ թվացյալ աճերն այլևս անհնարին է իրականության տեղ ներկայացնել։

Հայաստանի տնտեսությունը բախվել է լրջագույն խնդիրների, որոնք երկար ժամանակ փորձում էին թաքցնել աճի արտաքին շղարշի տակ։ Բայց խնդիրներն արդեն այնքան են ահագնացել, որ դա էլ այլևս անհնարին է դարձել։

Որքան թուլանում են արտաքին գործոնները, այնքան ձախողումներն ավելի ակնհայտ են երևում։ Իրական տնտեսության շատ ճյուղեր հայտնվել են ճգնաժամի մեջ, զարգացում ու առաջընթաց չկա, ցուցանիշներն անկումային են։

Անկումային է հանքարդյունաբերությունը։ Ոչ միայն նախորդ տարվա, այլև 2022թ. համեմատ։ Երեք տարի առաջ ճյուղի արտադրության ծավալները կազմել էին 400 մլրդ դրամ, այս տարի կազմել են 353 մլրդ դրամ։

Երեք տարվա կտրվածքով արտադրության ծավալները գրեթե 12 տոկոսով կրճատվել են։

Ոլորտում գործող մի շարք ընկերություններ հայտնվել են ծանր վիճակում։

Թվում է, թե չնչին աճ կա սննդամթերքի արտադրության ոլորտում։ Բայց այդ աճն արձանագրվել է նախորդ տարվա շատ ավելի մեծ անկումից հետո։ Ու երբ համեմատում ենք վերջին երեք տարիների տվյալները, տեսնում ենք, որ սննդի արդյունաբերության ոլորտն անկումային է. 2022թ. շատ ավելի սննդամթերք էր արտադրվել Հայաստանում, քան արտադրվել է այս տարի։ Երեք տարվա կտրվածքով ոչ միայն զարգացում, այլև բացարձակ աճ չկա։

Նվազել է խմիչքների, հագուստի, ոսկերչական արտադրատեսակների, կոշիկի, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների, ոչ մետաղական արտադրատեսակների արտադրությունը։

Մեքենաների ու սարքավորումների արտադրությունն է կրճատվել՝ այն էլ շատ կտրուկ։

Ավտոմեքենաների արտադրությունն է զրոյացել։ Այս տարի Հայաստանում ոչ մի ավտոմեքենա չի արտադրվել։

Տնտեսության ռազմավարական ճյուղ հայտարարված՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս անկում է արձանագրվել։

Արձանագրվող շինարարության բումի պայմաններում անգամ ցեմենտի արտադրությունն է կրճատվել։

Անցած տարի 881 հազար տոննա էր արտադրվել, այս տարի՝ 775 հազար տոննա։

Կառավարության իրականացվող մաքսային քաղաքականության արդյունքում տեղական ցեմենտի արտադրությունը 12 տոկոսով նվազել է։

Կրի արտադրությունն է նվազել, գիպսի ու գաջի արտադրությունը, նույնիսկ ապրանքային բետոնի արտադրությունը։

Անկում է իրական տնտեսության բազմաթիվ ճյուղերում։ Ու այդ ֆոնին անգամներով աճել է հիմնային մետաղների արտադրությունը։ Աճել է զուտ վերաարտահանվող ոսկու հաշվին։ Բայց դրանով չէ, որ որոշվում է Հայաստանի տնտեսության զարգացումը։ Հայաստանի տնտեսության զարգացումը երևում է արտադրական աճերի մեջ, որոնք չկան։

Դա է տնտեսության իրական վիճակի գնահատականը։

Տնտեսության իրական վիճակի գնահատականը երևում է նաև արտահանման ցուցանիշներում։

Արտահանման ուղղվածություն ունեցող Հայաստանի տնտեսությունից իրական արտահանումը նվազել է, մնացել են միայն կեղծ աճերը։

Եթե Հայաստանի արտահանման ցուցանիշներից հանում ենք բոլորին հայտնի ոսկին ու թանկարժեք քարերը, մյուս բոլոր ապրանքների արտահանման մասով բավական պատկառելի անկում ենք ունենում։

Անցած տարվա 9 ամսում այդ ապրանքների արտահանումը կազմել էր ավելի քան 4 մլրդ 68 մլն դոլար, այս տարի կազմել է 3 մլրդ 635 մլն դոլար։

Գրեթե կես միլիարդ դոլարով նվազել է։ Անկումը հասնում է 11 տոկոսի։

Խոսքն այն ապրանքների մասին է, որոնց մեջ մտնում են նաև արտահանվող տեղական ապրանքները։

Արտահանման այս ցուցանիշներում, իհարկե, մեծ մասը կրկին վերաարտահանումներն են։ Ու չնայած դրանք էլ են նվազել, դեռևս շարունակում են բավական մեծ կշիռ կազմել։ Ժամանակի ընթացքում սա էլ կմաղվի։ Այսօր մեծամասամբ գործ ունենք արտահանման հետ, որը չնայած վերագրվում է Հայաստանի տնտեսությանը, Հայաստանի տնտեսության հետ բացարձակ կապ չունի։

Այս իրավիճակին երբևէ Նիկոլ Փաշինյանը չի անդրադարձել, բայց շոշափելի տեմպերով զարգացող Հայաստանից է խոսում։ Մեծագույն ցանկության դեպքում անգամ շոշափելի զարգացումներ Հայաստանում, հատկապես տնտեսության մեջ, չես կարող գտնել։ Դրանք պարզապես չկան։

Այն հատուկենտ ծրագրերը, որոնք իրականացվում են, երբեք չեն կարող տնտեսության մեջ շոշափելի զարգացումներ ապահովել։ Ամբողջության մեջ տնտեսությունը ծանր վիճակում է, լրջագույն խնդիրներ ունի, որոնք արտաքին գործոնների թուլացման պայմաններում աստիճանաբար սկսել են զգացնել տալ այլ տեղերում, նաև բյուջեի եկամուտներում։

Հայաստանի տնտեսությանը մեծածավալ ներդրումներ են պետք ու ներդրումային ծրագրեր, որոնք վերջին տարիներին, հարևանների հետ իշխանության իրականացրած խաղաղասիրական քաղաքականության պայմաններում, հասել են նվազագույնի։ Ներդրումները դուրս են գալիս իրական տնտեսությունից, ու դա վերաբերում է ոչ միայն օտարերկրյա, այլև տեղական ներդրողներին, որոնք փախչում են՝ ինչպես անվտանգային խնդիրների, այնպես էլ՝ իշխանական ճնշումների ու հարկային ահաբեկումների պատճառով։