ՊԵԿ-ի հարկային տեռորը կործանում է բիզնեսը․168․am
68․am-ը գրում է․
Պետական բյուջեն լցնելու համար, վարչարարության անվան տակ, իշխանությունը հարկային տեռոր է իրականացնում։ Չկա տնտեսական քաղաքականություն, տնտեսական մտածողություն, չկա կապ տնտեսության ու հարկային վարչարարության միջև։ Բյուջե լցնելը դարձել է գերնպատակ, ու դա անում են բիզնեսը խեղդելու, կործանելու գնով։ Չեն մտածում, որ այսօր կործանեցին բիզնեսը, վաղը այդ հարկերն էլ չեն կարողանալու հավաքել։ Այսօրվա, պայմանական ասած՝ 1 մլրդ դրամն ամեն գնով հավաքելու դիմաց, կորցնում են վաղվա պոտենցիալ 2 միլիարդը, 5 միլիարդը, 10 միլիարդը։
Չկա համալիր տնտեսական ու հարկային քաղաքականություն։ Տնտեսական իշխանություններն անհարկի միջամտություններով ոչնչացնում են այն տնտեսական բազան, որը պետք է դառնա պետական բյուջեի վաղվա եկամուտների ապահովման հիմքը։
Այսօր, որ կանգնել են հարկերը չհավաքելու խնդիրների առաջ, նաև այս քաղաքականության հետևանքն է։
Պետեկամուտների կոմիտեն, իշխանության տարբեր օղակների հետ ձեռք ձեռքի տված, կործանում է բիզնեսը։ Ու դեռ դժգոհում են, որ հարկերը չեն հավաքվում։
Օրինակները խոսուն են։
Բյուջեի այս տարվա հարկային եկամուտները հավաքել չկարողանալու պատճառներից մեկն այն է, որ կտրուկ նվազել է ավտոմեքենաների ներմուծումը։ Մինչև այս տարի այդ բիզնեսը ծաղկում էր։ Բազմաթիվ քաղաքացիներ ու կազմակերպություններ տարբեր երկրներից ավտոմեքենաներ էին ներմուծում Հայաստան ու վաճառում ԵԱՏՄ երկրներում։ Դրանից ոչ միայն ոլորտում գործող կազմակերպություններն ու անհատներն էին շահում, այլև պետական բյուջեն։ Այդ բիզնեսից տասնյակ-միլիարդավոր դրամի մուտքեր էին ապահովվում բյուջե։
Ասենք՝ 2022թ. ավտոներկրմամբ և վաճառքով զբաղվող շուրջ 50 ընկերություն կար 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Մի մասի վճարած հարկերը հասնում էին միլիարդավոր դրամների։ Նույնը նախորդ տարի էր։
Ավտոմեքենաների ներմուծումից ու վաճառքից բյուջե մեծ գումարներ էին մտնում։ Սակայն Պետեկամուտների կոմիտեն համարեց, որ դա քիչ է։
Կառավարության ու Ազգային ժողովի իշխող խմբակցության հետ համագործակցված փոփոխություններ կատարեցին հարկային օրենսդրության մեջ, մեծացրեցին հարկային բեռը՝ ավելի շատ հարկեր հավաքելու ակնկալիքով, ու հարյուրավոր ընկերությունների և ամբողջ բիզնեսը կանգնեցրին փաստի առաջ։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտան Հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որոնցով շահութահարկ վճարելու պահանջ դրվեց ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների առաջ։ Նախկինում վճարում էին շրջանառության հարկ: Նոր օրենքով պարտադրեցին ներմուծված ավտոմեքենաներից առնվազն 20 տոկոս եկամուտ ցույց տալ և դրանից 18 տոկոսը վճարել պետությանը։
Որքան էլ ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչները փորձեցին համոզել, որ դա խաթարելու է իրենց գործունեությունը, իշխանության որևէ օղակում լսող չեղավ։
Առանց մտածելու հետևանքների մասին՝ բարձրացրին հարկային բեռն ու կործանեցին մի ամբողջ բիզնես, որը մինչ այդ հսկայական եկամուտներ էր ապահովում պետության համար։ Կտրեցին այն ճյուղը, որի վրա նստած էին։
Այսօր էլ բողոքում են, որ ավտոմեքենաների ներմուծումից գանձվող հարկերը կտրուկ կրճատվել են։
Կարճաժամկետում ավելի շատ հարկեր գանձելու ակնկալիքով՝ հեռանկարում եղածն էլ կորցրեցին։
Օրենքի կիրառումից հետո, ավտոմեքենաների ներմուծմամբ ու արտահանմամբ զբաղվողների մի մասը ստիպված եղավ Վրաստան, նաև ԵԱՏՄ այլ երկրներ տեղափոխել իր բիզնեսը։ Ու հիմա Հայաստանի բյուջե հարկեր վճարելու փոխարեն, այլ երկրների բյուջեներն են հարստացնում։
Սա է այն քաղաքականության արդյունքը, որը Պետեկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ՝ իրականացրել են իշխանությունները ու հիմա վայելում են դրա հետևանքները։ Ամեն ինչ արեցին, որպեսզի եղածից էլ զրկվեն։
Չբավարարվեցին հարկային բեռն ավելացնելով՝ անցան հարկային տեռորի։
Ոլորտում զբաղվածների մի մասը մինչև հիմա էլ հարկայինի ու քննչական մարմինների դռներն է ընկած՝ ավտոմեքենաների արտահանումից վերադարձվող ԱԱՀ վճարների հետ կապված։ Ահաբեկում են, տեռորի են ենթարկում, որ մարդիկ հրաժարվեն այդ գումարների վերադարձից։
«Բազմաթիվ են դեպքերը, երբ հարկային տեսուչը մարդկանց ցուցումով ասում է՝ էսքան վերադարձից հրաժարվի, էսքանը քեզ վերադարձնենք։ Տասնյակ, հարյուրավոր ավտոներկրողներ օրը ցերեկով տեսախցիկների առաջ այս մասին ասել են, դուք չգիտե՞ք։ Դա համատարած է եղել։ Դա հենց տեռորն է, երբ մարդուն կանչում են քննչական կամ հարկային տեսուչի կաբինետ, ասում են՝ քեզ հասանելիքից հրաժարվի, 40-60 տոկոսից հրաժարվի, որ մնացածը հետ տանք»,- օրերս Ազգային ժողովում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, մեղադրելով ՊԵԿ-ին հարկային տեռոր իրականացնելու մեջ՝ հայտարարեց պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Այսպիսի քաղաքականության հետևանքով պետական բյուջեն զրկվեց միլիարդավոր դրամներից, շատերը ստիպված եղան դադարեցնել ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը կամ հեռանալ Հայաստանից։
Վաղը նույնը սպասվում է փոքր ու միջին բիզնեսին, որի համար հաջորդ տարվանից հարկային բեռը կրկնակի կավելանա։ Տասնյակ-հազարավոր տնտեսվարողներ կկանգնեն փաստի առաջ՝ բախվելով ֆինանսական խնդիրների։
Շրջանառության հարկի դրույքաչափի երկու անգամ բարձրացումը կլինի իշխանության հերթական ճնշումը փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ։
Որքան էլ դա փորձեն ներկայացնել տարբեր փաթեթավորմամբ, նպատակը մեկն է՝ հարկային բեռի ավելացման միջոցով ավելի շատ հարկեր հավաքելը։
Երբ բեռի կրկնակի ավելացման պահանջը մտնի գործողության մեջ, սկզբում գուցե հարկերը ավելանան, բայց հետո ավելի վատ է լինելու։ Այնպես, ինչպես եղավ ավտոներկրողների պարագայում։ Նախկինում եղածն էլ են կորցնելու՝ չհաշված փոքր ու միջին բիզնեսի տնտեսական ու սոցիալական հետևանքները, որոնց մասին շատ հաճախ չեն էլ մտածում։ Գերնպատակը դարձրել են փող հավաքելը՝ նույնիսկ տնտեսությունը կործանելու գնալով։