Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից. դպրոցի տնօրեն
Արդեն 5–րդ օրը կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից` անզգուշության արդյունքում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Արարատի մարզի Վեդիի դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանը։
Դեպքը տեղի է ունեցել դասի ժամին, միջանցքում, երեխան խնդրել է ուսուցչից դուրս գալ` զուգարան գնալու համար, բայց հետ չի վերադարձել։
«5-րդ դասաժամն էր, ես փոխտնօրենի հետ միջանցքում էի, մի երեխա վազեց մեզ մոտ ու ասաց, որ Էլենը ընկավ։ Անմիջապես գնացինք, երեխան ընկած էր աստիճանների ներքևում։ Երեխան մի պահ աչքերը բացեց, ասեցի` լսում ես, գլխով արեց` այո, որից նա մի պահ ցնցվեց ու սկսեց չարձագանքել»,– ասաց տնօրենը։
Այս ընթացքում դպրոցից զանգել են նաև շտապ բուժօգնության ծառայություն ու երեխայի ծնողներին։ Նրան տեղափոխել են Վեդիի բժշկական կենտրոն, այնուհետև Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Ավելի ուշ տնօրենը փորձել է ճշտել, թե ինչ է տեղի ունեցել։ Հարցուփորձ է արել երեխաներին, 9-րդ դասարանի տղաները, որոնք այդ պահին այնտեղ են եղել, ասել են, որ սանհանգույցից դուրս գալուց տեսել են ընկնող աղջկան։
«Ուսուցչուհին սովորաբար այդ երեխային մենակ չէր թողնում գնալ։ Երեխան էտ օրը շատ հանգիստ է եղել, նորմալ է եղել, և ուսուցիչը թողել է նրան դուրս գալ։ Մենք ենթադրում ենք, որ ինչ-որ ձայն է լսել ներքևից, կռացել է, որ նայի, կորցրել է հավասարակշռությունը ու ընկել։ Վերևում այդ պահին աշակերտ չի եղել»,– պատմեց տնօրենը։
Նա տեղեկացրեց նաև, որ Էլենի հետ աշխատում է հոգեբան, նա երբեմն ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում, բայց գրանցված չէ որպես կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխա: