Փլուզում Աշտարակում վերակառուցվող դպրոցում. ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 աշխատակիցներ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող Ն․ Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե պանելը ընկել է աշխատակիցների վրա։ Հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված դպրոցից իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր։
Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ։