Պատմականը մեզնից հեռացնելով՝ ջնջում ենք մեր պատմական հիշողությունը, փոխում մեր գենետիկ կոդը. Նաթան Սրբազան
Իրական և պատմական Հայաստանների հետ կապված թեզը մեզ համար անընդունելի է, որը արհեստական է և շատ վտանգավոր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
«Վտանգը իրականի և պատմականի այն է, որ եթե մենք պատմականը մեզնից հեռացնում ենք, դրանով ջնջում ենք մեր պատմական հիշողությունը: Մենք դրանով նաև փոխում ենք մեր հիշողության գենետիկ կոդը: Ինչի՞ համար է արվում հիշողության այդ ջնջումը: Այսօր բոլորդ գիտեք, որ համակարգչի հիշողությունը մաքրում են, որ մեջը նոր ինֆորմացիայի տեղ լինի: Իսկ այդ ինֆորմացիան դնում են նոր ձևով աշխատելու համար: Ազգը երբևէ այդ ինֆորմացիայի փոփոխության կարիքը չունի, մեր պատմական հիշողությունը մեզ համար առաջընթացի նպատակով է մնում։
Հայ եկեղեցին իր պատմական բոլոր շրջաններում եղել է քրիստոնեական եկեղեցիների մեջ ամենաառաջադեմն ու ժամանակակիցը: Այսօր էլ հենց այդ պատմական հիմքի վրա է շարունակում իր կյանքը եկեղեցին»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։