Ովքեր Արցախի վրա խաչ են քաշել բարոյական հայ ժողովրդի շարքում տեղ չունեն. Սեյրան Օհանյան

Ովքեր Արցախի վրա խաչ են քաշել բարոյական հայ ժողովրդի շարքում տեղ չունեն. Սեյրան Օհանյան



Արցախ վերադառնալը ՀՀ իշխանությունների չաջակցելու պայմաններում դժվար է, բայց պետք է պայքարել: Այս մասին Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ուզում եմ հենց այս օրը՝ Արցախի այս տոն օրը ասել հետևյալը, որ երբևիցե մեր ժողովուրդը, ողջ ազգը և արցախահայությունը չպետք է ընկճվի: Ես շնորհավորում եմ արցախահայությանը Արցախի տոնի կապակցությամբ և ասում՝ երբեք, ոչինչ կորցված չէ, Արցախի էջը փակված չէ»,-ասաց նա:

Օհանյանն ընդգծեց՝ պետք է հասկանալ, որ հակամարտությունն ավարտված չէ. Ադրբեջանի հանցագործ գործունեությամբ անցած տարվա սեպտեմբերին Արցախի հայաթափմամբ իրականացվել է ցեղասպանություն: Այսինքն, հակամարտությունն ավելի է խորացել:

«Երկրորդը, պետք է պաշտպանել Արցախի սուբյեկտայնությունը: Պաշտպանել այն առումով, որ Արցախի բոլոր ինստիտուտները, կառավարման ամբողջ համակարգը իրենց գործունեությունը շարունակեն Արցախի ժողովրդի կարգավիճակի և ամենակարևորը՝ հետ վերադարձի պայմանների՝ հատկապես միջազգային անվտանգության երաշխիքների շրջանակներում:

Այդ առումով Արցախի ճակատագրի վերաբերյալ բանակցությունները գոյություն ունեցող ձևաչափով և այլ նոր ձևաչափերով, որոնք հայ ժողովուրդը կընտրի, այլընտրանք չունեն: Այսինքն պայքարելն անհրաժեշտություն է և ովքեր որ այսօր անտեսում են Արցախը, որոնք Արցախի վրա խաչ են քաշել, դա ՀՀ իշխանություններն են, հայ ժողովրդի բարոյական շարքում տեղ չունեն»,- ընդգծեց Օհանյանը: