Գործազրկությունը կտրուկ ավելացել է․ 168․am

Գործազրկությունը կտրուկ ավելացել է․ 168․am

168.am-ը գրում է․

Տարօրինակ բաներ են կատարվում Հայաստանի աշխատաշուկայում. մի կողմից՝ իշխանությունները հայտարարում են, որ աշխատատեղերը հազարներով ավելացել են, մյուս կողմից՝ պաշտոնական վիճակագրությունը զբաղվածների քանակի հազարներով կրճատում է արձանագրել։

Թվում է, թե աշխատատեղերի ավելացումը պիտի հանգեցներ զբաղվածների քանակի ավելացման։

Բայց հակառակն է եղել՝ աշխատատեղերն ավելացել են, իսկ զբաղվածությունը կրճատվել է։

Աշխատատեղերի հայտարարվող ավելացման պայմաններում, աճել է նաև գործազրկությունը, կարելի է ասել, շեշտակի է աճել։ Գործազրկության մակարդակով նախորդ չորս տարիների ամենավատ վիճակում ենք։

Գործազրկության պատկերը կտրուկ վատացել է, և դա տեղի է ունեցել, իշխանությունների ասած՝ հեղափոխական բարձր տնտեսական աճերի ու հայտարարվող հազարավոր աշխատատեղերի ստեղծման պայմաններում։

Հիշեցնենք, որ տնտեսական ակտիվության աճը Հայաստանում տարեսկզբին հասավ ընդհուպ 15 տոկոսի։ Այդ պայմաններում, եթե անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գործազուրկ էր 179,6 հազար մարդ, այս տարվա առաջին եռամսյակում գործազուրկների քանակը հասել է 204,4 հազարի։

Նախորդ տարվանից ավելի է գրեթե 25 հազարով կամ շուրջ 14 տոկոսով։

Գործազրկության ակտիվացումն ակնհայտ է նաև նախորդ տարվա վերջի համեմատ։

Այն ժամանակ պաշտոնական վիճակագրությունը գրանցել էր 177,4 հազար գործազուրկ, այս տարվա սկզբին գրանցել է 204,4 հազար գործազուրկ։

Նախորդ տարվա վերջի համեմատ էլ գործազուրկների քանակն աճել է 27 հազարով։

Սա վերջին չորս տարիների կտրվածքով գործազրկության ամենավատ ցուցանիշն է. 2021թ. առաջին եռամսյակում Հայաստանում գրանցված էր 193 հազար, 2022թ.՝ 188,4 հազար, իսկ 2023թ.՝ 179,6 հազար գործազուրկ։

Այս տարվա նույն ժամանակահատվածում գործազուրկ է եղել 204,4 հազար մարդ։ Վերջին անգամ սրանից ավելի բարձր գործազրկության մակարդակ գրանցվել էր միայն 2020թ., երբ Հայաստանը գտնվում էր պատերազմի ու համավարակի ճնշման տակ։ Այժմ իրավիճակը բոլորովին այլն է, սակայն ունենք գործազրկության մակարդակի կտրուկ ակտիվացում։

Ավելացել է գործազուրկների քանակը՝ ինչպես անվանական արտահայտությամբ, այնպես էլ՝ խորացել է գործազրկության մակարդակը։

Անցած երկու տարիներին, երբ հայտնի արտաքին ազդեցությունների արդյունքում մի պահ իրավիճակը գործազրկության առումով բարելավվեց, ինչպես միշտ, իշխանությունները սկսեցին վերամբարձ հայտարարություններ անել։ Այս տարի, երբ իրավիճակը շատ ավելի վատ է, քան նախորդ տարիների բարելավումները, կրկին, ինչպես միշտ, լուռ են։

Վերջին տվյալներով, որը հրապարակել է պաշտոնական վիճակագրությունը, գործազրկության մակարդակը թռիչքային աճել է՝ նախորդ տարվա 13,7-ից հասել է 15,5 տոկոսի։

Ընդամենը մեկ տարվա ընթացքում գործազրկության ցուցանիշը վատացել է 1,8 տոկոսային կետով։

Նախորդ տարվա վերջի համեմատ՝ նույնիսկ ավելի շատ՝ 2,4 տոկոսային կետով։

Գործազրկության մակարդակով ցուցանիշը վատագույնն է 2021թ. հետո։

2022թ. առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում՝ 14,8, իսկ 2023թ.՝ 13,7 տոկոս էր։

Մինչ այդ՝ 2021թ., հասնում էր 16,7 տոկոսի։ Այն բանից հետո, երբ մի շարք գործոններով պայմանավորված՝ արտաքին ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա ակտիվացան, դա նպաստեց նաև գործազրկության կրճատմանը։ Սակայն, ինչպես վկայում են այս տարվա սկզբի միտումները, այդ ազդեցություններն աշխատաշուկայի վրա սկսել են թուլանալ, չնայած Հայաստանում դեռևս բարձր մակարդակի տնտեսական աճեր են արձանագրվում։ Այդ աճերը, սակայն, կապված են այնպիսի գործոնների հետո, որոնք դադարել են ունենալ սոցիալական նշանակություն։

Նշենք, որ տնտեսության աճին նպաստած հիմնական գործոնն այս տարի եղել է ոսկու հայտնի վերաարտահանումը, որն աճի փուչիկ է ստեղծել։ Դրա՝ ինչպես զուտ տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական ու բյուջետային նշանակությունը շատ փոքր է։ Մի բան, ինչը տեսնում ենք նաև աշխատաշուկայում, որտեղ առաջին հայացքից արձանագրվող բարձր տնտեսական աճի պայմաններում, տեղի է ունեցել գործազուրկների քանակի կտրուկ ավելացում ու գործազրկության մակարդակի նույնքան կտրուկ խորացում։

Գործազրկության ավելացմանը զուգահեռ՝ զբաղվածությունն է կրճատվել։

Պաշտոնական տվյալներով, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանում զբաղված է եղել գրեթե 1 մլն 130 հազար, այս տարի՝ 1 մլն 116,4 հազար մարդ։

Զբաղվածների քանակը կրճատվել է ավելի քան 13 հազարով։

Զբաղվածության ցուցանիշը ևս վատացել է. անցած տարի զբաղված էր աշխատունակ բնակչության 50,9 տոկոսը, այս տարի զբաղված է եղել 48,7 տոկոսը։

2,2 տոկոսային կետի նահանջ կա։

Մի կողմից՝ գործազրկության ավելացումը, մյուս կողմից՝ զբաղվածության կրճատումը չի կարող մտահոգիչ չլինել։ Դա նշանակում է, որ տեղի է ունենում տնտեսության աճի նույնիսկ նվազ արդյունքների խիստ անհամաչափ բաշխում և հասարակության սոցիալական բևեռացման խորացում։ Առանց այդ էլ բևեռացումը Հայաստանում խորն է։ Տնտեսության ներառականության մասին ընդհանրապես անիմաստ է խոսելը։

Եթե այս միտումը շարունակվի նաև առաջիկայում, ապա հասարակությունը գնալով բախվելու է սոցիալական լարվածության խորացման հետ։

Արդեն իսկ որոշ ազդակներ կան նաև այլ ուղղություններով։ Դա նկատելի է հատկապես աշխատավարձերի պարագայում։

Նախկին բարձր աճի միտումներն այլևս չկա։ Աշխատավարձերի աճի տեմպը զգալիորեն թուլացել է։

Սա վտագավոր է հատկապես նրանով, որը կարող է ունենալ ոչ միայն սոցիալական, այլև շատ ավելի խորքային հետևանքներ տնտեսության առանձին հատվածների ու ֆինանսական համակարգի վրա։