Հորդ անձրևների շնորհիվ Փաշինյանը խոստման մի մասը կատարեց
Սևանա լճի մակարդակը, նախորդ տարվա օգոստոսի առաջին շաբաթվա համեմատ, բարձր է 17 սանտիմետրով։ Համաձայն Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի՝ 2024 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ, Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 66 սմ-ով՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մ 49 սմ նիշի դիմաց։
Հիշեցնենք, որ Սևանա լճի մակարդակի որոշակի բարձրացումը կապված է հորդառատ անձրևների հետ, որոնք հատկապես Գեղարքունիքի մարզում գրեթե ամենօրյա են։ Քաղաքացիները նշում են, որ նման ինտենսիվությամբ անձրևներ չեն հիշում։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա համեմատությամբ անգամ 17 սմ բարձրացումը չօգնեց Նիկոլ Փաշինյանին կատարել խոստումը։
10․05․2021թ․ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Առաջիկայում սպասվում է թերևս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում։ Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է»։
Այդ ժամանակ շրջակա միջավարի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ խոսքը 1901 նիշի մասին է։
Փաշինյանի խոստացած ժամանակահատվածում պարզվեց, որ հակառակը, ոչ միայն Սևանը չէր բարձրացել, այլև իջել էր 7 սանտիմետրով։
Այժմ՝ հորդառատ անձրևների շրջանում, լճի մակարդակը 1900 մ 66 սմ է և բավական հեռու է Փաշինյանի ասած ցուցանիշից։