Եվս 200 մլն դոլար․ Փաշինյանի կառավարությունը հերթական վարկն է վերցնում

Կառավարությունը այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հավանություն կտա «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրմանը։
Համաձայնագրով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից կտրամադրվի 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։
Ծրագրի մանրամասն նախագծով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7.0 կմ) կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք - Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները:
Նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման հաշվարկված ժամկետը կազմելու է շուրջ 6 տարի:
Նախատեսված շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը (ներառյալ ԱԱՀ-ն) կազմում է 144,6 մլրդ ՀՀ դրամ (կամ շուրջ 369 մլն ԱՄՆ դոլար)։