Կյանքին սիրահարված ընկեր․․միշտ էի ապշում ներկայի ամեն վայրկյանը մինչև վերջին կաթիլը քամելու հատկությանդ վրա․ Ընկերը՝ Հովհաննես Հարությունյանի մասին

Գագիկ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
Էս 2-3 րոպեում Հովոյի ողջ կյանքն է, նրա կռիվը, երազանքներն ու բովանդակությունը։ Հովոն Ակնայի նուռն էր, նույնքան՝ քաղցրահամ, նույնքան՝ հայաշունչ, նույնքան՝ գենակիր։ Հովոն էն մոմն էր, որ ցանկացած չափի ու ծավալի խավարի մեջ լույս էր տալիս։
Հովոն ադրենալին ու արագահոս ընթացք էր, «մարդ-կյանք» հոմանիշ։ Հովոն ժայռի պես կարծրություն ու դիմացկունություն ուներ, բայց և մեղմ քամու նման զովություն ու հանգստություն։ Հովոն էմոցիաների իսկական կծիկ էր, նա կարող էր ներսից ինքն՝ իրեն շանթահարել՝ տեսնելով իր երկրի ներկայիս վիճակը, բայց և կարող էր հաջորդ վայրկյանում բոցավառվել ու խանդավառվել՝ զգալով այն մարդկանց ներկայությունն իր կյանքում, ովքեր նրան ուժ էին տալիս պայքարելու ու երբեք չհանձնվելու համար։
Երևի մի բան գիտեր, որ այդքան սիրում էր կյանքը ու այդքան ապրելու ծարավ ուներ․․․Կյանքին սիրահարված ընկեր․․միշտ էի ապշում ներկայի ամեն վայրկյանը մինչև վերջին կաթիլը քամելու հատկությանդ վրա․․․մի բան կարող եմ համոզված ասել, որ նա իր երեք տասնամյակում ապրեց այնքան, որ միլիոնավորներին չի հաջողվում ապրել հարյուր տարեկանում։ Նա մեկ օրում էր ապրում էր այնքան, որքան ուրիշները մեկ տարում անգամ չեն կարողանում ապրել։ Հովոն էդպիսին էր մեզ համար, Հովոն էդպիսին կլինի արդեն նրանց համար, ովքեր իրեն են սպասում արդեն Երկնքի արքայության մեջ։
Գնա՛ Հով ջան, ու երկնքից եղիր մեր ընկերը․․․գնա՛ ախպերս․․․քեզ այնտեղ էլ նույնչափ կսիրեն, որքան, որ մենք էինք սիրում։
Բարի ճանապարհ, ախպերս, գնա՛ ու միացիր քաջերի զարմիդ՝ նրանց, ովքեր ընկան հայկական Ակնայիդ համար, գնա ու համալրի «Լույս հայորդիների» անմահության գունդը, թո՛ղ նրանք էլ վայելեն հավիտենական ներկայությունդ, գնա՛ ու երկնքից զորավիգ եղիր ազգիդ հայոց՝ պայքարդ ավարտին հասցնելու համար․․․
Բարի ճանապարհ, ընկե՛ր, մի օր կհանդիպենք․․․․բայց ոչ հիմա․․․ոչ այսօր․․․