Տնտեսական աճպարարությունը և վրա հասնող ռիսկերը․ պատգամավորի հոդվածը

Տնտեսական աճպարարությունը և վրա հասնող ռիսկերը․ պատգամավորի հոդվածը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Թադևոս Ավետիսյանը հոդվածում գրում է․

Պարբերաբար անդրադառնում եմ տնտեսության վերաբերյալ այս իշխանության կողմից իրավիճակի և խորացող խնդիրների խեղաթուրումներին։

Ցավոք սրտի, նախկինում արտահայտած որոշ լուրջ մտահոգություններ հերթական անգամ դառնում են իրողություն։

2024 թվականի առաջին եռամսյակում պետական պաշտոնական վիճակագրության համաձայն տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակել է իներցիոն բարձր աճը՝ կազմելով 14,3 տոկոս։ Հիմնական գործոնները շարունակում են նույնը մնալ՝ իրենց արտաքին, պատահական և ժամանակավոր բնույթով։

Զուգահեռաբար, խորանում և դրսևորվում են տնտեսական կայուն աճի առարկայական ռիսկերը։

Մասնավորապես, այս նույն ժամանակահատվածում, տնտեսական բարձր ակտիվության ֆոնին արդեն ունենք պետական բյուջեի հարկային ծրագրված եկամուտների էական նվազում։ Ճշտված պլանի նկատմամբ հարկային եկամուտների փաստացի հավաքագրումը պակաս է եղել 8 տոկոսով կամ շուրջ 44 միլիարդ դրամով։

 

Հարց․ եթե ասում են, որ տնտեսական ստվերը կրճատվում է, ապա տնտեսական ակտիվության 14,3 տոկոս աճի պարագայում ինչպե՞ս են բացատրում հարկային փաստացի մուտքերի 8 տոկոս թերակատարումը։

Ավելին՝ ապաշնորհ պետական կառավարման հետևանքով շարունակվում է գյուղատնտեսության զրոյականին մոտ աճը, արտաքին պատահական գործոնի թուլացման և հարկային բեռի հետևողական ավելացման հետևանքով գրեթե զրոյացել են ծառայությունների ոլորտի նախորդ երկու տարիների թռիչքաձև աճերը, ազգային արժույթի գերարժևորման և պետական անհամարժեք աջակցության հետևանքով  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 9 տոկոս անկում և այլն։

Հաջորդը․ ամեն անգամ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս թղթի վրա գրում և ասում են, որ թռիչքաձև ավելացնելու են երկարաժամկետ զարգացմանն ուղղված կապիտալ ծախսերը։ Եվ սա անում են՝ աղքատության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացման իրենց չկատարվող խոստումները քողարկելու համար։ Կապիտալ ծախսերը չունեն անհատական հասցեատեր, ինչպես օրինակ՝ սոցիալական ծախսերն են։ Հետևաբար, կարելի է անվերջ խոստանալ, հետո էլ չկատարել։ Ավելին՝ օր-օրի առավել ակնհայտ են դառնում ծախսարդյունավետության և որակի խնդիրները, այս ոլորտում մեկ անձինց գնումների և յուրայինների մասնակցության թռիչքաձև աճերը, անօրինական գերշահույթները և հանրային միջոցների մսխումները։

Մշտապես անդրադարձել եմ պետական բյուջեի կապիտալ ծախսերի ընթացիկ խայտառակ թերակատարումներին։ Հիմա էլ բերեմ 2024 թվականի առաջին եռամսյակի պաշտոնական վերջին տվյալները․

1․ պետական բյուջեում նախատեսված 526 մլրդ դրամի ընդհանուր ծախսերի  18 տոկոսը չի կատարվել, որը կազմում է շուրջ 112 մլրդ դրամ,

2․ նախատեսված 65 մլրդ դրամի ընդհանուր կապիտալ ծախսերի 25 տոկոսը չի կատարվել, որը կազմում է շուրջ 25 մլրդ դրամ,

3 արտաքին աղբյուրներից վերցված միջոցներով կապիտալ ծախսերի թերակատարումը կազմել է 40 տոկոս, այսինքն՝ վերցրել են արտաքին պարտք, հանրային միջոցներից վճարում են տոկոսներ, սակայն այդ միջոցների գրեթե կեսը չի ծառայել իր նպատակին,

4․ բացի պաշտպանության նախարարության ծրագրերից, կապիտալ ծախսերի մնացած ծրագրերի թերակատարումը կազմել է 83 տոկոս։

Հաջորդը․ 2024 թվականի մարտի վերջի տվյալներով պետական պարտքը կազմել է 12,163 մլրդ ԱՄՆ դոլար, որը տարվա սկզբի համեմատ աճել է 320 միլիոն ԱՄՆ դոլարով կամ ամսական գրեթե 110 միլիոն ԱՄՆ դոլարով։

Այս իշխանության կառավարման նախորդ վեց տարիներին պետական պարտքն աճել է շուրջ 5,5 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 80 տոկոսով: Այս իշխանության օրոք ՀՆԱ-ի աճի միջին տարեկան ցուցանիշը կազմել է 5,5 տոկոս, իսկ պետական պարտքի տարեկան աճը՝ դրանից շուրջ 2,5 անգամ ավել։

2023 թվականին միայն կառավարության պարտքի տոկոսների վճարները կազմել են տվյալ տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների շուրջ 11 տոկոսըընդհանուր ծախսերի՝ շուրջ 10 տոկոսը, իսկ սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին հատկացված ընդհանուր ծախսերի՝ 36 տոկոսը։

2023 թվականին կառավարության պարտքի գծով վճարված տոկոսավճարները կազմել են 253,4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 55,1 մլրդ դրամով կամ շուրջ 28 տոկոսով։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ևս 5 տոկոսով ավելացել են պետական պարտքի գծով տոկոսովճարները՝ կազմելով 35,3 մլրդ դրամ։

Թերևս, պարտքային ճգնաժամից մեզ ժամանակավորապես հետ է պահում մեր երկրի ազգային արժույթի գերարժևորման վտանգավոր քաղաքականությունը, որի արդյունքում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը թվացյալ, դեռևս մնում է կառավարելի տիրույթում։

Բնականաբար, սա չի կարող երկարաժամկետ արդյունք ապահովել։ Ազգային արժույթի փոխարժեքի վրա ազդող երկարաժամկետ գործոններն ունեն արժեզրկման էական ճնշումներ։ Եվ մոտ ապագայում մեծ է ռիսկը, որ փաստացի կունենանք նաև ազգային արժույթի էական արժեզրկում։ Սա էլ իր հերթին մեր երկիրը օրերի ընթացքում կտեղափոխի պարտքային ճգնաժամի անկառավարելի տիրույթ։

Ամփոփելով․ բազմիցս հիմնավորել և կանխատեսել ենք․ այս իշխանությունները մեր երկիրը պարտքով են պահում՝ մսխելով նաև մեր երկրի ապագա երկարաժամկետ զարգացման ռեսուրսը, թռիչքաձև աճող պարտքի բեռը թողնելով սերունդների ուսերին։

Զուգահեռաբար՝ խորանում են մեր երկրի տնտեսության իրական հատվածի բացասական միտումները, աճում են պլանավորված հարկային մուտքերի ապահովման ռիսկերը և պարտքային ճգնաժամի դրսևորման հնարավորությունները։ Այս պատճառով է, որ իշխանությունը համատարած նախաձեռնել է նաև հարկային տեռորի վարքագիծ, փոքր և միջին բիզնեսի հարկային բեռի էական բարձրացում և այս ոլորտի հարկային արտոնությունների վերացում։