Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան

Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան

Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը  հունիսի 11-20-ը կժամանի Հայաստան՝  մասնակցելու ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան Տեղական ժողովրդավարության ֆորումին։

 

Գլենդելի քաղաքապետարանից հայտնում են՝ Էլեն Ասատրյանը կժամանի պատվիրակությունից առաջ հունիսի 11-ի գիշերը:

Այցի նպատակն է զարգացնել երկկողմ հարաբերությունները, ուսումնասիրել տնտեսական հնարավորությունները և խթանել մշակութային և կրթական փոխանակումները Հայաստանի և Գլենդելի միջև և ոչ միայն:  Նա կայցելի Երևան, Գյումրի և, ինչպես նշվում է, եթե ժամանակը ների, նաև Կապան։

 

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, լրատվամիջոցների, գործարարների և համայնքային կազմակերպությունների հետ:

 

Ասատրյանը կմասնակցի նաև Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը, քույր քաղաքների հարաբերություններին, ժողովրդավարությանը, արդյունավետ կառավարական կառույցներին, կայունությանը, առևտրին, զբոսաշրջությանը և տեխնոլոգիական գործընկերությանը նվիրված պանելներին և քննարկումներին:

Խոսելով առաջիկա այցի մասին՝ Էլեն Ասատրյանը նշել է.

 

«Ոգևորված եմ վերադառնալու իմ ծննդավայր Հայաստան՝ որպես Գլենդելի քաղաքապետ, որտեղ բնակվում է Հայաստանից դուրս հայերի ամենամեծ համայնքը, որը կազմում է մեր քաղաքի բնակչության մոտավորապես 40%-ը»։