Ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը. «Ժողովուրդ»

Ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին լրագրող, այժմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը 2023 թվականին զբաղված է եղել ոչ միայն Երևանի ավագանու ընտրություններով, այլ նաև գույքերի նվիրատվությամբ։

Վահագն Հովակիմյանը տարեսկզբին միանձնյա սեփականությամբ 3, և համատեղ սեփականությամբ 1 անշարժ գույքեր է հայտարարագրել՝ 2 հողամաս, 1 հողին ամրակցված այլ անշարժ գույք և 1 Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այլ շինություն։

Նշված 4 գույքերը գտնվում են Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում. դրանք Հովակիմյանը նվիրատվություն է ստացել 2020 թվականին, անհայտ է՝ ում կողմից։ Նկատենք, որ նա մշտապես եղել է պետպաշտոնյա և պարտավոր է իր նվիրատուների մասին հրապարակավ հայտնել:

2023 թվականի ընթացքում Հովակիմյանը ևս մեկ հողամաս նվիրատվություն է ստացել եղբորից՝ Հայկ Միսակի Հովակիմյանից։

2023 թվականի ընթացքում Հովակիմյանը իրեն պատկանող 2 հողամասը և անհատական բնակելի տունը, որի մասին տարեսկզբին առկա գույքի աղյուսակում նշված չէր, նվիրատվություն է արել կրկին Հայկ Հովակիմյանին։

2023 թվականի տարեվերջին՝ Հովակիմյանի խառնիխուռն գործարքներից հետո, իր սեփականության տակ մնացել է 2 հողամաս և 1՝ հողին ամրակցված այլ անշարժ գույք։

Վահագն Հովակիմյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2021 թվականին 2 մլն դրամով գնված 2012 թվականի արտադրության Nissan մակնիշի մեքենա։

Հովակիմյանի բանկային ավանդները կազմել են 100 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդներն ընդհանուր առմամբ՝ 19 մլն 455 հազար դրամ և 6 հազար ԱՄՆ դոլար։ Հովակիմյանը հայտարարագրել է 1 մլն դրամ կանխիկ գումար։

Նրա՝ 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 38 մլն 301 հազար դրամ, որից 20 մլն դրամը վարկից ձևավորված եկամուտ է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 18 մլն 999 հազար դրամ, որից 15 մլն դրամը տան կառուցապատման հիփոթեքի մայր գումարն է. սակայն, անհասկանալի է, թե որ տան, եթե տարվա ընթացքում անհատական բնակելի տունը Հովակիմյանը նվիրատվություն է արել եղբորը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի աշխատանքի վարձատրությունը կազմել է 17 մլն 767 հազար դրամ, սակայն, բացի սրանից, քաղաքացիական այլ պայմանագրերից ԿԸՀ-ից ստացել է ևս 534 հազար դրամ։

Հարկ է հիշեցնել, որ երբ 2021 թվականին Հովակիմյանը ԱԺ պատգամավոր էր, նրա տարեկան եկամուտը կազմում էր 7 մլն 437 հազար դրամ, իսկ անշարժ գույքերի խառը նվիրատվություններով նրա հայտարարագիրն այդքան էլ հարուստ չէր»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում