Արդյոք Բագրատ Սրբազանը կհրաժարվի՞ Կանադայի քաղաքացիությունից. Նա մեկնաբանեց իր՝ վարչապետ դառնալու հնարավորությունը

Արդյոք Բագրատ Սրբազանը կհրաժարվի՞ Կանադայի քաղաքացիությունից. Նա մեկնաբանեց իր՝ վարչապետ դառնալու հնարավորությունը

Կանադայի քաղաքացիությունը սոսկ փաստաթուղթ է, անցաթուղթ է եւ վկայություն է, որ այդ երկրում ապրել եմ, եւ շնորհակալ եմ, որ ապրել եմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, Ժուռնալիստների միությունում հանդիպման ժամանակ նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավակնելո՞ւ է վարչապետի պաշտոնին եւ արդյոք հրաժարվելու է Կանադայի քաղաքացիությունից, որը խոչնդոտում է վարչապետ դառնալուն:

 

«Այդ անձնագիրը ինձ տրվել է պահանջված բոլոր օրինական ճանապարհներով: Մեր երկրի պես «ախպերական» չի տրվում ոչ մի բան: Ամեն վայրկյան, այն ինչ կպահանջվի իմ սեփական երկրին՝ Հայաստանին, Արցախին, որը չարիքի ձեռքով դարձավ հեռավորություն մեզ համար, ինչ-որ անհրաժեշտ է եւ կծառայի այդ նպատակին, ես ոչ միայն հրաժարվելու եմ պատրաստ, այլեւ նաեւ ինքս ինձ հանձնելու, ինչը ես այսօր անում եմ փողոցում:

 
 

Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ, չհրաժարվել է պետք՝ չեմ հրաժարվի: մեր ճանապարհն ուղիղ ընթացք է: Ինչ պահանջված է, դա էլ կլինի»,- ասաց նա:

 

Սրբազանը նկատեց, որ ՀՀ այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի եւ առանց բարձրագույն կրթության փաստաթղթի դարձել է վարչապետ. «Եթե պահանջված չի, ես չգիտեմ օրենքը, բայց մեր գյուղապետերին գործից հանել են զուտ այդ փաստաթուղթը չունենալու համար: Մարզպետարանում մարդկանց աշխատանքի չեն ընդունում զուտ բարձրառույն կրթության վկայական չունենալու համար: Հիմա դա ինչպե՞ս է տեղի ունեցել մեր երկրում:

Հետեւաբար, ճգնաժամային այսպիսի ծանր վիճակում եւ պահանջված արմատական փոփոխությունների վիճակում, եթե Տիրոջ կամքն է, որ ամեն ինչ գնա իր ուզելու ճանապարհով, այդպես էլ լինելու է:

Ինձ թվում է, որ ներկայիս գործող վարչապետը խախտել է օրենքը եւ առանց բարձրագույն կրթության վկայական ունենալու դարձել է ՀՀ վարչապետ: Սա Սահմանադրության խախտում է, թե ոչ, խնդրում եմ՝ ճշտեն  իրավաբանները եւ ներկայացնեն»,-ասաց նա՝ հավելելով, որ ոչ թե մարդն է օրենքի համար, այլ օրենքն է մարդու համար: