177.390.000 եվրո. Հայաստանի պետական պարտքը կրկին ավելանում է
Ազգային ժողովի ասյօրվա՝ ապրիլի 5-ի հանձնաժողովի նիստում հավանություն կտրվի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերի միջև կնքված երկու վարկային պայմանագրերի:
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիր է ստորագրվել համաձայն որի՝ Հայաստանին կտրամադրվի 25.000.000 եվրո գումարի չափով վարկ:
Ծրագրի նպատակն է՝ նվազեցնել Երեւան համայնքի հասարակական շենքերի էներգիայի սպառումը եւ աջակցել էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների եւ մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար: Մասնավորապես, Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա եւ 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը:
Ծրագրի կանխատեսվող արդյունքներն են՝
1. էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցում,
2. սեյսմիկ անվտանգության բարելավում,
3. այցելուների հարմարավետության ու կյանքի որակի բարելավում,
4. ածխաթթու գազի (CO2) արտանետումների կրճատում,
5. վերանորոգվող շենքերի շահագործման ժամկետի երկարաձգում:
2.Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 60.090.000 եվրոյի չափով վարկ:
Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երեւան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր եւ նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը:
Նախատեսված աշխատանքները ներառում է.
1. Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թեւերի կառուցում, որն ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս,
2. Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ,
3. Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ եւ շրջանաձեւ երթեւեկությամբ ճանապարհային հանգույց:
Երկու վարկերն էլ կտրամադրվեն Երևանի քաղաքապետարանին:
Հիշեցնենք. Մարտի 28-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էլ ներառված էր ՀՀ պետական պարտքը 92.300.000 եվրոյով ավելացնելու հարցը:
Ստացվում է, որ Հայաստանի շուրջ 12 մլրդ դոլար պետական պարտքը նախատեսվում է ավելացնել ևս 177.390.000 եվրոյով: