Թուրքիայում իշխանությունը 27 տոկոս ձայներով «հաղթել է» 55 տոկոս հավաքած ընդդիմադիրին

Թուրքիայում իշխանությունը 27 տոկոս ձայներով «հաղթել է» 55 տոկոս հավաքած ընդդիմադիրին

Թուրքիայի արևելյան Վան քաղաքում մարտի 31-ին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, որոնցում 55 տոկոս ձայներով հաղթել է քրդական DEM կուսակցության անդամ Աբդուլլահ Զեյդանը: Հաղթանակից մեկ օր անց դատախազությունը գրություն է ուղարկել, ըստ որի նրան արգելվում է պետական պաշտոն զբաղցնել, ըստ այդմ էլ իշխանությունները հաղթող են ճանաչել 27 տոկոս հավաքած իրենց կուսակցության անդամին։

Զեյդանը  հայտնել է, որ իշխանությունների հրահանգով են դատախազությունից գրություն ուղարկել՝ պնդելով, որ ինքը օրինական գրանցվել է, մասնակցել ընտրություններին և հաղթել։ Նա շեշտել է, որ եթե խնդիր լիներ, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր ընդունի իր մասնակցությունը՝ հավելելով, որ պայքարելու է քաղաքացիների տված քվեին տեր կանգնելու համար։

Քրդական կուսակցության թեկնածուին քաղաքապետ չճանաչելուց հետո Վանում և քրդերով բնակեցված մի քանի խոշոր քաղաքներում զանգվածային անկարգություններ և  բողոքի ակցիաներ էին սկսվել: Բնակիչները քարեր ու ճայթռուկներ են նետել անվտանգության ուժերի վրա, որոնք պատասխանել են ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազի կիրառմամբ:

Վերոնշյալ հանգամանքը ստիպել է թուրքական իշխանություններին քայլերի դիմել։ Hurriyet-ի փոխանցմամբ՝ Վանի նահանգապետարանը հայտարարել է, որ ապրիլի 3-ից 17-ը Վան քաղաքում և հարակից շրջաններում արգելվում է ցանկացած տեսակի հավաքներ և բողոքի ակցիաներ։