Փաշինյանը կրկին պատերազմից է խոսել
Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ` տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար, Արտաշատում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր քաղաքական դիրքորոշումը, ուղերձն այն է, որ Հայաստանն ընդհանրապես իր միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս որևէ հավակնություն չունի, ներառյալ Ադրբեջանի կողմից հիշատակվող գյուղերի տարածքների վրա, ընդ որում, Կըզըլ Հաջիլի գյուղը 100 տոկոսով այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո»,-ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը նշել է` կառավարության համար շատ կարևոր է հստակ ընդգծել, թե որտեղ է սկսվում ՀՀ տարածքը:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք լուծումների ու հույս ունեմ, որ Ադրբեջանը նույնպես այս ուղղությամբ քայլ կանի, եթե իսկապես ուզում է գնալ սահմանի ճշգրտման»,- ընդգծել է վարչապետը: