Փաշինյանին պետք է արտաքսել եկեղեցուց և ձերբակալել․ Հարութ Սասունյան

Փաշինյանին պետք է արտաքսել եկեղեցուց և ձերբակալել․ Հարութ Սասունյան
Իրավիճակը Հայաստանում օրեցօր ավելի աղետալի է դառնում։ Երկիրը հարձակման է ենթարկվում թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիների կողմից։
Երկրի առջև ծառացած բազմաթիվ գոյաբանական խնդիրները լուծելու փոխարեն, Փաշինյանը գործադրում է բոլոր ջանքերը՝ փորձելով փոխարինել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Եկեղեցու ներսում ինչ կրոնական խնդիրներ էլ որ լինեն, դրանցից ոչ մեկը չպետք է մտահոգի վարչապետին, քանի որ Սահմանադրութունն արգելում է նրան միջամտել եկեղեցու ներքին գործերին, այդպիսով խախտելով եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը։
Ես այստեղ չեմ կրկնի Փաշինյանի բոլոր անօրինական գործողությունները և այն վնասը, որ նա հասցրել է Հայաստանին ու Արցախին, որի համար նա վաղուց պետք է հեռացված լիներ պաշտոնից: Նրա պոռնոգրաֆիկ ֆեյսբուքյան գրառումները և կարգալույծ քահանային աջակցելը բավարար հիմքեր են Հայոց եկեղեցուց նրան արտաքսելու համար։ Կառավարության ղեկավարի վարքագիծը ցույց է տալիս նրա լիակատար անհարգալից վերաբերմունքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ:
Նախկին քահանան կարգալույծ արվեց «հոգևորականին անվայել վարքագծի» համար։ Սակայն, նա մերժեց ընդունել այդ որոշումը և անցյալ կիրակի անօրինական կերպով պատարագ մատուցեց՝ այդպիսով պղծելով Հովհաննավանքը։ Ստեղծելով լարված մթնոլորտ՝ Փաշինյանը մասնակցեց կարգալույծ քահանա Ստեփան (Արամ) Ասատրյանի կողմից անցկացված անթույլատրելի պատարագին։ Վարչապետին միացան պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, տարբեր մարզպետներ, պատգամավորներ, քաղաքապետեր և ավագանու անդամներ՝ բոլորը Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչներ։ Վարչապետի շրջապատը կազմակերպել էր, որ մեծ թվով ոստիկաններ և քաղաքացիներ ներկա լինեն վանքում՝ իրենց աջակցությունը ցույց տալու կարգալույծ քահանային։
Փաշինյանը պատարագի ընթացքում Սուրբ Հաղորդություն ստացավ կարգալույծ քահանայի ձեռքից, ինչը կարելի է համարել սրբապղծություն։ «Այսօր Հովհաննավանքի պատարագը Մայր Աթոռի ազատագրման գործընթացի գործնական փուլի մեկնարկն է խորհրդանշում», հայտարարեց Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։ Նա նաև հայտարարեց, որ հաջորդ կիրակի նույնպես կլինի նույն վանքում։
Նման սադրիչ հայտարարությունները կարող են հանգեցնել զանգվածային բախումների և արյունահեղության, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է վարչապետը…
Հարութ Սասունյան