Էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում 2023-ի փետրվարի 1-ից չեն փոխվի

Էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում 2023-ի փետրվարի 1-ից չեն փոխվի
Էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում 2023 թ. փետրվարի 1–ից չեն փոխվի։ Նման որոշում կայացվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։ Գրում է Sputnik Armenia-ն։ 
 
 
Որոշման վրա ազդել են մի քանի գործոններ թե՛ աճի, թե՛ նվազման ուղղությամբ։ Նվազման հիմնական գործոնը դոլարի ու եվրոյի փոխարժեքների անկումն էր դրամի նկատմամբ (փոխարժեքը կարևոր է գազի ու միջուկային վառելիքի, ինչպես նաև վերականգնվող էներգիայի կայանների համար սարքավորումների ձեռքբերման համար)։
Վերականգնվող էներգիայի կայաններից սակագինը նվազեցվում է միայն նրանց համար, որոնք դեռ չեն անցնում ազատ շուկայական մոդելի (ավելի մանրամասն` այստեղ)։ Կարգավորվող կայանների սակագները կապակցված են դոլարին այն պատճառով, որ փոքր ՀԷԿ–երը և հատկապես արևային կայանները սարքավորումների մեծ մասը ձեռք են բերում արտերկրից։ Այդ պատճառով ՓՀԷԿ–երի դեպքում սակագնում դոլարի տեսակարար կշիռը սահմանված է 65%, արևայինների դեպքում` 90%։
 
Դրանից բացի, 2022-ի ընթացքում էժանացել է էլեկտրաէներգիայի ընդհանուր «կաթսան»։ Այսպես` սկսել է մատակարարվել նոր` «ArmPower» ջերմային կայանի հոսանքը, որը փոխարինել է այլ ՋԷԿ–երի ավելի թանկ արտադրանքը։ Դրանից բացի, ավելացել է ԱԷԿ–ի արտադրանքը (որը հետզհետե ավելացնում է աշխատանքային հզորությունը` վերանորոգման ավարտին զուգահեռ)։
 
Կրճատվում են նաև ծախսերը պահուստային կայանները (Հրազդան ՋԷԿ–ն ու «Հրազդան 5»-ը) աշխատանքային վիճակում պահելու համար, քանի որ այդ կայանները, անհրաժեշտության դեպքում, ցանցին միացնելու գործառույթը փոխանցվել է Երևան ՋԷԿ–ին։
 
 
Սակագնի բարձրացման ուղղությամբ խոշորագույն գործոն է դարձել արտասահմանյան վարկերի մարումը։ Ավելացումը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է Իրանի կառավարությունից ստացված վարկով ` Իրան–Հայաստան 400 կիլովոլտ լարման գծի կառուցման համար։ Այստեղ եկող տարվանից պետք է վճարել ոչ միայն տոկոսները, այլև մայր գումարը։ Գծի կառուցման վերջնաժամկետը մի քանի անգամ հետաձգվել էր և հիմա ծրագրված է 2023-ի ավարտին։
Ավելացել է նաև միջուկային վառելիքի ձեռքբերման ծախսը։ Թեև այն գնվում է Ռուսաստանում, սակայն դրա արժեքը կապակցված է եվրոպական գնանշումների հետ` թե՛ ուրանի, թե՛ դրա արդյունահանման ու վերամշակման։ 2022–ին այդ գնանշումներն աճել են, այդ թվում` այժմյան աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված։
 
 
Աճելու են (թեև համեմատաբար փոքր ծավալով) այն ծախսերը, որոնք պետք է վճարվեն «Էլցանցի» ու արտադրող կայանների ներդրումների դիմաց։ Որոշակի գումար պետք է հատկացվի նաև էներգետիկ համակարգում աշխատավարձերի բարձրացման համար։ Այսպիսով` միջին աշխատավարձը ոլորտում կհասնի մոտ 250 հազար դրամի (հարկերը և վճարները հանած` մոտ 182 հազար դրամ կամ $460)։
 
 
Կարգավորողի հաշվարկով` սակագնի աճի ու նվազման գործոնները չեզոքացնում են մեկը մյուսին, այդ պատճառով սպառողական սակագները թողնվել են անփոփոխ։