Հերթական նախաձեռնությամբ ավելանում է մեր երկրի պետական պարտքը․ Թադևոս Ավետիսյան

Հերթական նախաձեռնությամբ ավելանում է մեր երկրի պետական պարտքը․ Թադևոս Ավետիսյան

«Հերթական նախաձեռնությամբ ավելանում է մեր երկրի պետական պարտքը, այն էլ արտաքին պարտքի կոմպոնենտը, ավելանում է քիչ էլ չէ՝ 200 միլիոն դոլարով»։ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

 

«Պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով այս իշխանության օրոք ։ 2018 թվականից մինչև հիմա 40 տոկոսից ավելի ավելացել է պետական պարտքը: Քիչ երկրներ կգտնեք, որ տարեկան 10 տոկոսով պետական պարտք է ավելանում, բայց դրանից պատիկներ ավելի նվազ համախառն ներքին արդյունք կամ տնտեսակնա ներուժ է ավելանում։  Սա վտանգավոր է իհարկե,  բայց նաև՝ կառավարելի է։  Բայց չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել, օրինակներով դարձնել կատակի, մատների արանքով նայելու առարկա։ Չի կարելի, որովհետև դա վերաբերվում է մեր ապագա սերնդի զարգացմանը»,- ասաց  Թադևոս Ավետիսյանը։

 

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու   մասին» և «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև  2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծերը։