Հայաստանի տնտեսությունն այսօր բո՞ւմ է ապրում. ըստ Փաշինյանի՝ այո

Հայաստանի տնտեսությունն այսօր բո՞ւմ է ապրում. ըստ Փաշինյանի՝ այո

Հայաստանի տնտեսությունն այսօր բում է ապրում. Դուք տեղյակ եք, որ հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14,1 տոկոս: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Սա իհարկե, չափազանց կարեւոր ցուցանիշ է: Կարեւոր է արձանագրել, որ այս տեմպը մեզ տալիս է հնարավորություն, որ 2022 թվականի արդյունքներով մենք հաղթահարված համարենք 2020-ի համավարակի եւ պատերազմի հետեւանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները եւ վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը: Մենք կարող ենք վերադառնալ 2019-ի տեմպին արդեն 4 տարվա կտրվածքով՝ 2018-2022-ի արդյունքներով:

 

Շատ կարեւոր է նաեւ այս տնտեսական դինամիկան գնահատելը: Իհարկե, ոմանք քաղաքական, ոմանք ոչ քաղաքական նկատառումներով, ասում են՝ ի՞նչ կապ ունի կառավարությունն այս տնտեսական աճի եւ հաջողության հետ: Կարծում եմ՝ կառավարությունների մեծագույն դերակատարումն այն է, որ երկիրը մաքսիմալ պատրաստ լինի դիմակայել տնտեսական դժվարություններին, եւ երկրորդը, օգտվել տնտեսական աճի այն հնարավորություններից, որոնք կարող են ստեղծվել: Մեր մոտեցումը եղել է հետեւյալը, որ կառավարությունը պետք է հնարավորինս քիչ միջամտի տնտեսական հարաբերություններին, ավելի շատ զբաղվի տնտեսական հնարավորությունների ստեղծման հարցերով եւ տնտեսական խնդիրների հաղթահարումներով: