Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մուշեղ Մկրտչյանը եզրափակիչում է

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մուշեղ Մկրտչյանը եզրափակիչում է

Ազատ ոճային ըմբիշ, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մկրտչյանը 1/8 եզրափակչում գոտեմարտել է շվեյցարացի ըմբիշի հետ և 9:0 հաշվով հաղթանակ տարել, քառորդ եզրափակչում 11:2 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2:2 հաշվով է ավարտել գոտեմարտը Ղրղզստանը ներկայացնող մարզիկի հետ: Եզրափակչում Մկրտչյանը կմրցի իրանցի Սոբան Յարիի հետ:

Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչը՝ Հայկ Պապիկյանը (70 կգ), որոշիչ գոտեմարտում 3:6 հաշվով զիջել է ԱՄՆ ներկայացնող ըմբիշին և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Խաչատուր Խաչատրյանն (97 կգ) էլ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Ուկրաինայի ներկայացուցչի հետ. hաղթանակի դեպքում Խաչատրյանը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար:

Երիտասարդական ԱԱ-ում այսօր պայքարի են դուրս գալու ազատ ոճայիններ Հայկ Աբրահամյանը (61 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Գուրգեն Սիմոնյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):